Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զեկույց. Աշխարհի բնակչության կեսից ավելին մինչև 2035 թվականը ճարպակալում կունենա
Եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն իրավիճակը փրկելու համար, մինչև 2035 թվականն աշխարհի բնակչության կեսից ավելին կունենա ավելորդ քաշ և շատ դեպքերում ճարպակալում։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, զգուշացնում է Գիրության համաշխարհային ֆեդերացիան (World Obesity Federation)։
Կազմակերպության զեկույցի համաձայն, խոսքը չորս միլիարդից ավելի մարդկանց մասին է, ովքեր կբախվեն ավելորդ քաշի պատճառով առաջացած խնդիրների, ընդ որում երեխաների և դեռահասների շրջանում սպասվում է ամենամեծ աճը։
Առաջին հերթին դա վերաբերում է Աֆրիկայի և Ասիայի ցածր եկամուտ ունեցող երկրներին: Այս երկրներում խնդրի հիմնական արմատը, ըստ մասնագետների, տարբեր հավելումներ պարունակող ավելի էժան վերամշակված մթերքների օգտագործումն է։ Օրինակ, մսի փոխարեն, որը բնակչության որոշակի շերտերին անհասանելի է գումարի պատճառով, մարդիկ ուտում են երշիկեղեն ու նրբերշիկ։
Ասիայում և Աֆրիկայում գիրության այլ պատճառներ կարող են լինել սննդի վերահսկողության հաստատությունների բացակայությունը, թույլ մարքեթինգային քաղաքականությունը, քաշի խնդիրների պատճառների և հետևանքների մասին հանրային իրազեկվածության բացակայությունը և նստակյաց ապրելակերպը:
Փորձագետները կանխատեսում են, որ աշխարհում գիրության կանխարգելման և բուժման հետ կապված ծախսերը մինչև 2035 թվականը կգերազանցեն չորս տրիլիոն դոլարը։ Իսկ համաշխարհային տնտեսության կորուստները, կապված գիրության հետ, 12 տարում կարող են կազմել համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 3%-ը։
Գիրության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Լուիզա Բաուերը կոչ է անում ամբողջ աշխարհի կառավարություններին սկսել գործել հենց հիմա՝ ապագայում խուսափելու առողջապահական համակարգի բեռնվածությունից և տնտեսական հետևանքներից:
Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված երեխաների և դեռահասների շրջանում գիրության դինամիկային։ Ակնկալվում է, որ նրանց շրջանում ավելորդ քաշ ունեցողների թիվը մինչև 2035 թվականը 2020 թվականի համեմատ կկրկնապատկվի:
Դրանից խուսափել, ըստ Բաուերի, հնարավոր է երիտասարդ սերնդին ուղղված առողջապահական, սոցիալական և տնտեսական տարբեր ծրագրերի պետական ֆինանսավորմամբ։
Հաջորդ երկուշաբթի ՄԱԿ-ին կներկայացվի փորձագիտական զեկույց՝ ուսումնասիրության արդյունքների մանրամասն հիմնավորումներով։ Զեկույցի հեղինակներն առանձին-առանձին ընդգծում են, որ իրենց աշխատանքում ոչ մի կերպ չեն ակնարկում, որ ճարպակալում ունեցող մարդիկ են մեղավոր իրենց վիճակի համար։