Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սյունիքի մարզն այս պահին հանրապետության ամենառիսկային գոտիներից է, բայց անշարժ գույքի գների առումով Երևանից ու Կոտայքից հետո ամենալուրջ գնաճային միտումներն հենց այս մարզում են, գրում է Տնտեսական լրագրողների ակումբը։
ՏԼԱ-ի՝ անշարժ գույքի շուկայի գների վերլուծությունում նշված է.
«2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո հանրապետության որոշ մարզեր, տարածաշրջաններ, որ նախկինում հարյուրավոր կմ-ով հեռու էին սահմանից, հաշված օրերի ընթացքում դարձան սահմանամերձ գոտի, առաջին գիծ։ Տարածքներ, որտեղ մինչ օրս բավականին անկայուն, լարված վիճակ է, ինչը չի կարող չազդել մարդկանց ապրելակերպի, անշարժ գույքի գների վրա։
Ի վերջո` բոլորն էլ ձգտում են ապրել հնարավորինս անվտանգ ու ապահով տարածաշրջանում: Այս տրամաբանությունից բխում է, որ սահմանամերձ դարձած տարածաշրջաններում անշարժ գույքի գները պետք է նվազեին: Մինչդեռ Ջերմուկը, որտեղ թշնամին 3-4 կմ-ի վրա է կամ Սյունիքի մարզի քաղաքները, որ թշնամու հայացքի ներքո են, այլ բան են ապացուցում:
Հասկանալի է, որ հանրապետությունում ամենաթանկ անշարժ գույքը Երևանում է, որտեղ Կենտրոնում այս տարվա հունվարին մեկ քմ-ի միջին գինը եղել է 788.100 դրամ: Մայրաքաղաքում ամենաէժան՝ Նուբարաշեն համայնքում 2022թ.-ի հունվարին 1քմ-ն իրացվել է 184 000 դրամով, 2023թ.-ին՝ 201.000 դրամով: Մեկ տարվա ընթացքում գներն աճել են 9.2%-ով:
Երևանից հետո հանրապետությունում անշարժ գները ամենաթանկը Կոտայքի մարզում են, դարձյալ պայմանավորված մայրաքաղաքին մոտիկ լինելու հանգամանքով: Այստեղի ամենաթանկ քաղաքը Ծաղկաձորն է, որում 2022թ.-ի հունվարին մեկ քմ մակերեսը վաճառվում էր 335.500 դրամով, իսկ այս հունվարին՝ 395.000 դրամով (աճը կազմել է 17.7%): Սրանից բավականին էժան, բայց դարձյալ բավականին թանկ են մարզի մյուս քաղաքների բնակմակերեսները։
Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում 2022թ.-ի հունվարին 1քմ բնակմակերեսի շուկայական գինը կազմել է 126․200 դրամ։ Այս հունվարին՝ 147․ 000 դրամ (աճը 16.5%):
Ջերմուկ քաղաքում, որ Ծաղկաձորից ու Դիլիջանից հետ համարվում է հանրապետության ճանաչված առողջարանային ու տուրիստական գոտի և 2022թ.-ի սեպտեմբերին հարձակման ենթարկվեց ազերիների կողմից, անշարժ գույքի գները նախորդ հունվարի համեմատությամբ այս տարի աճել են 12.5%-ով, հասնելով 117․000 դրամի:
Տարածաշրջանային առումով ամենահետաքրքիրը Սյունիքի մարզում բազմաբնակարան շենքերի անշարժ գույքի գներն են, որ մի պահ անտրամաբանական են թվում, բայց Սյունիքն արդեն սահմանամերձ գոտի է: Ավելին, ադրբեջանցիները փաստացի գտնվում են Կապան մտնող ճանապարհից բառացիորեն 150-200 մետրի վրա: Բայց Կապանում անշարժ գույքն այսօր հանրապետությունում ամենաթանկերից է: Այստեղ նախորդ տարվա հունվարին մեկ քմ մակերեսը միջին հաշվով իրացվում էր 122․000 դրամով:
Այս տարվա հունվարին գները հատել են 145․000-ի սահմանագիծը, աճելով ամբողջ 19%-ով։ Սա հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցված ամենամեծ աճերից է։ Շատ ավելի հետաքրքիր է Գորիսի պարագան: Մեկ տարվա ընթացքում այստեղ գները 146․000 դրամից հասել են 163․000-ի (գնաճը կազմել է 11.6%): Երկու դեպքում էլ գներն ավելի բարձր են, քան Գյումրիում կամ Վանաձորում: Աճի տեմպերը՝ ևս շատ ավելին են, քան Գյումրիում: Սիսիանում ևս մեկ տարվա ընթացքում 18%-ոց գնաճ է արձանագրվել: Մեկ քմ-ի գինը հատել է 100․000-ի սահմանը: Բարձր լեռնային Քաջարան քաղաքում մեկ քմ-ի գինը հավասարվել է 115.500 դրամի, արձանագրելով ավելի քան 11%-ոց աճ: Մեղրիում՝գրեթե 10%-ոց գնաճի արդյունքում մեկ քմ-ի գինն այս տարվա հունվարին դարձել է 116.000 դրամ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։