Ցորի զոհված զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Իրավունք
13:30 30/03/2023

Ցորի զոհված զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով քրգործ հարուցել Փաշինյանի դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեում մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու հաղորդման գործով գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը: 

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն  ասաց, որ զոհված զինծառայողների հարազատների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն:
Նա հայտնեց, որ դատախազությունը գրություն է ուղարկել գեներալ Մոսվսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին կցելու և համատեղ քննություն կատարելու համար։

«Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային, ընդհանրապես իրար հետ առնչություն չեն կարող ունենալ»,- ասաց փաստաբանը։

Լ. Սիմոնյանը նշեց, քանի որ, իրենց կարծիքով, ցուցաբերվել է  անգործություն, բողոք է ներկայացվել դատարան, որպեսզի դատարանն իր դիրքորոշումը հայտնի։

«Մեր հաղորդումը դեռևս քրեական գործ հարուցելու մասին է՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ՝ «կարող էր այս պատերազմը չլիներ և  5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝  առանց զոհերի»։ Այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է «Ցորի» հրամանատար Գևորգ Գևորգյանի մասով հարուցված քրեական գործին, Լ. Սիմոնյանն ասաց. «Գևորգ Գևորգյանի գործն այս պահին գտնվում է դատաքննության փուլում։ Այն վերաբերում է կոնկրետ Գևորգ Գևորգյանի գործողություններին։ Այդ գործից ևս մի մաս կա Ջալալ Հարությունյանի մասով, նրան էլ է «Ցորի» զորամասի հետ կապված մեղադրանք առաջադրվել, նախաքննության փուլում է»։

Placeholder
Ցորի զոհված զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով քրգործ հարուցել Փաշինյանի դեմ