Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
Օրվա թեմա
10:34 12/04/2023
Հայաստան

Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան

Ապրիլի 11-ին թշնամու սադրանքի հետևանքով Տեղ բնակավայրում զոհված հերոսներից է Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999թ.)։

«Արթուր Սահակյանը Գյումրիից էր, 23 տարեկան նորավարտ սպա: Արթուրը նաև հաջողություններ էր գրանցել սպորտի բնագավառում

Նրան ճանաչողները առանձնահատուկ նշեցին, թե որքան խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր։

Գյումրին սգում է իր որդու մահը»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը։

Թշնամու սադրանքից զոհվել է հատուկ ջոկատային Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.), ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։

«Հերոսաբար մարտնչել է Ջաբրայիլում, Զանգելանում,Լաչինում...

Նա այն հերոսն է, ով  44-օրյա պատերազմի ժամանակ ընկերոջ դիակը գրկած դուրս էր բերել մարտի դաշտից։

Վայք քաղաքը սգում է իր որդու մահը»,- գրել է Արմինե Դովլաթբեկյանը։

Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը գրել է.

«Ներքին և արտաքին թշնամու սադրանքի երեկվա զոհերից մեկը` Հենրիկ Քոչարյանը Վայքի մեր դպրոցի ամենաբարի, ամենահամեստ ու ամենադրական աշակերտներից էր։

Մեր մարզը, քաղաքը, դպրոցը սգում է իր լավագույն երիտասարդներից, քաղաքացիներից, աշակերտներից մեկի մահը։
Ցավում ենք, եղբայր, ցավում ենք, որ մեր մանկության ամենաանշառ կետերից մեկը նույնպես խավարեց։
Լույսերի մեջ մնաս...»։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:

ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են.

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Placeholder