Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է
Սպորտ
21:57 17/04/2023
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է

Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության  67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը Հայաստանի հավաքականի առաջին ոսկին նվաճեց։

Սահակյանը երկամարտի  320 կգ արդյունքով (145+175 կգ) նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 

Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև հրում և պոկում վարժություններում։ 

Պոկում վարժությունում նա առաջին տեղը գրավեց 145 կգ. արդյունքով, հրում վարժությունում՝ 175 կգ արդյունքով։ 

Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրիմանը՝ 301 կգ արդյունքով:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:

Վաղը՝ ապրիլի 18-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա միայն Անուշ Արշակյանը՝ հանդես գալով կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների կարգում: Մրցումների մեկնարկը 11:30-ին է:






 

Placeholder
Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է