Գլխավոր կռիվն առջևում է, ժողովրդին պետք է պատրաստել ապստամբության. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
23:35 23/04/2023
Հայաստան

Գլխավոր կռիվն առջևում է, ժողովրդին պետք է պատրաստել ապստամբության. Իշխան Սաղաթելյան

«Մեր ուժերն ինչ-որ պահի չբավականացրեց, բայց ի հեճուկս Նիկոլի ու Հայաստանի թշնամիների, մեր ժողովրդի մեջ մի կարևոր գիծ կա՝ տեր են իրենց իրավունքներին։ Մեր խնդիրն է՝ ժողովրդի թիվը մեծացնել, ուժի աղբյուրը մեծացնել և կարողանալ վերջնական սրանց վռնդենք մեր երկրից, քանի որ սրանցով դատապարտված ենք նոր ցեղասպանության»,-  Ջահերով երթի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ միգուցե պե՞տք է ակցիա անցկացնել և չթողնել Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ, նա պատասխանեց, որ  նրա մուտքը չպետք է թույլ տալ կառավարության շենք։

«Կյանքը և փորձը ցույց տվեց, որ ավելի խորքային, ավելի կազմակերպված պայքար է պետք և, կարծում եմ, այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի ժողովրդին պատրաստել ապստամբության»,-ասաց նա:

Ի.Սաղաթելյանը նշեց, որ մարզեր այցելության ժամանակ իրենք նկատում են, որ տրամադրության փոփոխություն կա, սակայն միայն դա բավարար չէ. «Նիկոլը վաղուց կորցրել է փողոցը, աջակցությունը, բայց մենք ուրիշ խնդիր ունենք. միայն տրամադրության փոփոխությունը բավարար չէ, մենք խնդիր ունենք կազմակերպելու, մարդկանց ոտքի հանելու և պայքարը ճիշտ հունով տանելու։

Հանրությունն ակնկալում է շատ արագ լուծումներ և դրա իրավունքն ունի, հանրությունն ունի դժգոհություն այս իրավիճակից, որ  մի խելագար կարող է որոշել մի ողջ ժողովրդի ճակատագիր։ Այս ամեն ինչը հասկանալի է, իսկ մեր պարտականությունն է գտնել ճիշտ բանաձև, ճիշտ լուծում։ Պետք է չնահանջենք ու չհամակերպվենք, միակ ելքը պայքարն է»։

Նա ընդգծեց, որ գլխավոր կռիվն առջևում է, ամեն ինչ վերջացած չէ։

«Պետք է մի կողմ դնել ամեն ինչ ու կենտրոնանալ մեկ օրակարգի վրա՝ իշխանափոխություն, որն անհրաժեշտ է երկրի անվտանգությունն ապահովելու, Արցախը հայկական պահելու, նոր ցեղասպանության բացառելու։

Այս իշխանություններով դատապարտված ենք, սրանք թրքահպատակ խումբ են, որը ժողովրդին խաբելով եկան իշխանության ու երկիրը հասցրեցին այս կետին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Placeholder
Գլխավոր կռիվն առջևում է, ժողովրդին պետք է պատրաստել ապստամբության. Իշխան Սաղաթելյան