Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել երկրի եվրոպական ապագայի սաբոտաժը
Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու այցը Բրյուսել և եվրոպական այլ մայրաքաղաքներ կատարյալ ձախողում էր: «Գազետա ռու»-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին, որի խոսքերը հաղորդում է վրացական Առաջին ալիքը։
Նրա խոսքով, պաշտոնյայի ոչ մի ուղևորություն չի ավարտվել Եվրամիության որևէ էական հայտարարություններով։
«Կցանկանայի առանձնահատուկ մտահոգությամբ նշել այս շաբաթ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների այցերը եվրոպական մայրաքաղաքներ։ Այս այցելությունների արդյունքը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ լիակատար քաղաքական կոլապս։ ԵՄ-ի միջանկյալ գնահատականը, թե ինչպես է երկիրը համապատասխանում ԵՄ պահանջներին, կհրապարակվի առաջիկա շաբաթներին: Ցավոք, մենք տեսանք, որ հանդիպումներից և ոչ մեկից հետո մենք որևէ կարևոր քաղաքական հայտարարություն չլսեցինք: Ես կոչ եմ անում նաև իշխանություններին, դադարեցնել Վրաստանի եվրոպական ապագայի սաբոտաժը»,-ասել է Սամադաշվիլին:
Ինչպես նշել է վրացի պատգամավորը, կարևոր հայտարարությունը կլիներ Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու բոլոր պայմանների կատարման մասին խոսքերը, սակայն Թբիլիսիի ներկայացուցիչներին միայն ակնարկվել է բոլոր առաջարկությունների կատարման անհրաժեշտությունը։
«Միակ գնահատականը վրացական իշխանություններին ուղղված 12 կետերի պահանջները կատարելու կոչն է: Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել «Վրացական երազանքին» սկսել բավարարել Եվրամիության պահանջները, այլապես նրան սպասվում է լիակատար քաղաքական ոչնչացում»,-ընդգծել է Սամադաշվիլին։