Ծանրորդներին կարգելվի պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ դրոշներով
Օրվա թեմա
14:29 05/05/2023

Ծանրորդներին կարգելվի պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ դրոշներով

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) մի շարք միջադեպերից հետո կարգելի մարզիկներին պարգևատրման արարողության ժամանակ դուրս գալ պետական դրոշներով, հայտնում է Inside թե Games-ը՝ հղում անելով IWF-ի նախագահ Մոհամեդ Ջալուդի հայտարարությանը:

Նշվում է, որ որոշումը կապված է ապրիլին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դրոշի այրման միջադեպի հետ։ Բացի այդ, նշում է նաև, որ Ալբանիայում անցկացված Եվրոպայի 2022 թվականի պատանեկան առաջնությանը պատվո հարթակի վրա Թուրքիայի և Հայաստանի մարզիկները փորձել են իրենց երկրների պետական դրոշներով ծածկել մեկմեկու։

«Սա սպորտ է, մենք ներկայացնում են խաղաղությունը, այլ ոչ թե կռիվներն ու վեճերը, թե ով է ավելի լավը։ Մենք չենք ցանկանում, որ հարթակի վրա մարզիկները փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ փակելով միմյանց։ Սա սպորտ չէ»,- ասել է Մոհամեդ Ջալուդը։

Նախագահի խոսքով՝ արգելքը պաշտոնապես կընդունվի IWF-ի կողմից գործադիր խորհրդի հաջորդ նիստում։ Դրոշները դեռ կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ, բայց էկրանին՝ պատկերների տեսքով, այլ ոչ թե մարզիկների ձեռքում:

Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 14-ին  Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը  նախ այրել, ապա բեմից հեռացրել էր Ադրբեջանի դրոշը։ Այդ միջադեպից հետո Հայաստան ժամանած ադրբեջանցի մարզիկները վերադարձան Բաքու՝ չմասնակցելով առաջնությանը։
 

Placeholder