«Բարև, ես եմ». Հայկական երկրորդ վերականգնված ֆիլմը, որն ընդգրկվել է «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում
Մշակույթ
13:24 10/05/2023
Հայաստան

«Բարև, ես եմ». Հայկական երկրորդ վերականգնված ֆիլմը, որն ընդգրկվել է «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։ Կաննի կինոփառատոնում կայնալիք  այս  չափազանց  կարևոր ցուցադրությունը  Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հայ կինոյի հոբելյանական նախաձեռնություներից  մեկն է, որը նպատակ ունի հանրահռչակել մեկդարյա հայկական կինոժառանգության լավագույն նմուշներից մեկը:

Ազգային կինոկենտրոնի թիմը «Բարև, ես եմ»-ի վերականգնման նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս 1,5 տարի առաջ, քանի որ նմանատիպ աշխատանքները կարիք ունեն երկարատև նախապատրաստական շրջանի։  Հայաստանի ազգային կինոկենտրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ 2023 թվականին արդեն իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը  սովետական ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի իրական կյանքի վրա հիմնված  ողբերգական պատմության անդրադարձն է՝  սիրո և գիտության առեղծվածները։ Դովլաթյանի կինոնկարը ինքնահայտնաբերման, ինքնագիտակցության, իր «ես»-ը, սեփական տեղն այս աշխարհում  հաստատելն է։  Հայ հանրության անունից՝ այդ ժամանակի հերոսը ասաց՝ «Բարեւ, ես եմ»՝ փորձելով ճանապարհ հարթել գալիք  բազում «ես-անհատների» համար։

Դերերում հանդես են եկել  Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան, Գալյա Նովենցը, Լ. Բաբիչկովան, Ֆրունզե Դովլաթյանը։
1966 թվականին «Բարև, ես եմ»-ը   կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսատես։ Ֆիլմը 1966 թ․ մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Այն ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։ Կինոնկարում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ը  հայկական երկրորդ  վերականգնված ֆիլմն է, որ ընդգրկվել  է Կաննի միջազգային կինոփառատոնի  «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում։  Դեռևս 2014 թ․ Կաննի փառատոնում «Կաննի դասականներ»  ծրագրում, ի թիվս 24 կինոնկարների, ցուցադրվել է նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), որը վերանգնվել է L’immagine Ritrovata լաբորատորիայում Համաշխարհային կինոյի հիմնադրամի (Film Foundation-World Cinema Project) նախաձեռնությամբ: Ֆիլմը կինոփառատոնին ներկայացրել էր վերականգնող հիմնադրամը: Վերոհիշյալ հիմնադրամը ֆիլմը վերականգնելիս սերտորեն համագործակցել է  հայ մասնագետների հետ և օգտվել հայկական արխիվներից։


 

Placeholder
«Բարև, ես եմ». Հայկական երկրորդ վերականգնված ֆիլմը, որն ընդգրկվել է «Կաննի դասականներ» հետահայաց ծրագրում