Վրաստանում հանգստացողները պետք է զգուշանան լեպտոսպիրոզով հիվանդությունից
Տարածաշրջան
11:03 06/06/2023
Տարածաշրջան

Վրաստանում հանգստացողները պետք է զգուշանան լեպտոսպիրոզով հիվանդությունից

Ներկա դրությամբ Վրաստանում հաստատվել է լեպտոսպիրոզի վտանգավոր վարակիչ հիվանդության երեք ակտիվ դեպք: Jnews-ի հաղորդմամբ, հայտնում է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկան։

Ամենից հաճախ այս հիվանդություններով վարակվում են չհոսող ջրով ջրամբարներում լողալիս կամ ջրհորներից ջուր խմելիս, որտեղ կենդանական արտաթորանքն է ընկել։ Վարակաբանները խորհուրդ են տալիս ճանապարհորդելիս մաքուր ջուր վերցնել՝ չստուգված աղբյուրներից չօգտվելու համար։

Նշվում է նաև, որ  Վրաստանում լեպտոսպիրոզի հաստատված դեպքերի թիվը տարեցտարի նվազում է։

Լեպտոսպիրոզը սուր վարակիչ, զոոնոզ  հիվանդություն է, որը  բնորոշվում է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի ախտահարմամբ և արտահայտված մկանացավերով: Վարակի աղբյուր են հանդիսանում կրծողները, չղջիկները, նապաստականմանները, երկսմբականի կենդանիները, գորշ և սև առնետները, տնային մկները, շները, կատուները, մանր և խոշոր եղջերավոր անասունները, խոզերը,  տնային թռչունները (հավեր, սագեր, բադեր և այլն):
Լեպտոսպիրոզները հիմնականում փոխանցվում են 3 ուղիներով՝ ջրային, սննդային, և շփման: Այդ ուղիներից  հիմնականը ջրայինն է (90-97,8%):

Ջրային բռնկումները առաջանում են ինչպես վարակված ջրամբարներում լողանալու, այնպես էլ վարակված ջուրը խմելու դեպքում: Մարդիկ վարակվում են նաև վարակված կենդանիներին խնամելիս կամ մորթ կատարելիս: Սննդային ճանապարհով վարակումների պատճառը հիմնականում հիվանդ կենդանիների մեզով ախտահարված սննդամթերքի օգտագործումն է:
Վարակված մարդը առողջին վարակ չի փոխանցում:

Հիվանդության առավելագույն դեպքերը (60%) տեղի են ունենում ամռան ամիսներին, այսպիսի սեզոնայնության պատճառը վարակված ջրականգերում լողանալն է և գյուղատնտեսական ամառային աշխատանքները:

Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 6-14 օր։ Գոյություն ունեն լեպտոսպիրոզի դեղնուկային և ոչ դեղնուկային ձևեր: Հիվանդությունը սկսվում է սուր, անսպասելի, առանց նախանշանների: Զարգանում է տենդ, ջերմությունը բարձրանում է մինչև 39-40 C, հիվանդները գանգատվում են ուժեղ գլխացավից, անքնությունից, ախորժակի բացակայությունից: Հիվանդության համար  բնորոշ ախտանշան է մկանացավերը, հատկապես  ձկնամկանների շրջանում:  Մկանացավերը այնքան ուժեղ են լինում, որ հիվանդները դժվարությամբ են տեղաշարժվում, կամ ընդհանրապես չեն կարողանում շարժվել (ծանր դեպքերի ժամանակ): Մի շարք հիվանդների մոտ կարող են զարգանալ տարբեր բարդություններ, սպեցիֆիկ՝ սուր լյարդային կամ լյարդ-երիկամային անբավարարություն, արյունահոսություն, շոկ, մենինգիտ, աչքերի ախտահարումներ և այլն և ոչ սպեցիֆիկ՝ ստոմատիտ, օտիտ, պնևմոնիա, պառկելախոցեր, աբսցեսներ և այլն:

Լեպտոսպիրոզով հիվանդացած մարդը ձեռք է բերում կայուն անընկալություն:

Կանխարգելումը։ Որպեսզի նվազեցվի լեպտոսպիրոզով վարակվելու հավանականությունը, անհրաժեշտ է հիշել՝
-հարուցիչները եռացնելուց անմիջապես ոչնչանում են, եռացրած ջրի օգտագործումը բացառում է լեպտոսպիրոզով վարակումը
-անհրաժեշտ է խուսափել (մնալ, գիշերել) այն տեղերից ,որտեղ նկատվում են կրծողների (հատկապես գորշ առնետների) առկայություն
-խուսափել ջրականգերում լողանալուց (հատկապես, եթե մարմնի վրա առկա են  վերքեր, կտրվածքներ)
- պահպանել անձնական հիգիենայի կանոնները

Placeholder
Վրաստանում հանգստացողները պետք է զգուշանան լեպտոսպիրոզով հիվանդությունից