ԱՆ-ն պոլիկլինիկաներին հրահանգել է ժամկետանց պատվաստանյութերով պատվաստումներ կատարել .Անուշ Պողոսյան
Առողջություն
21:31 13/06/2023
Հայաստան

ԱՆ-ն պոլիկլինիկաներին հրահանգել է ժամկետանց պատվաստանյութերով պատվաստումներ կատարել .Անուշ Պողոսյան

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է.

«Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորում է ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ, համաձայն որի ԱՐԳԵԼՎՈՒՄ է իրացնել Հայաստանի Հանրապետությունում  պիտանիության ժամկետն անցած  դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը: Ինչպես նաև Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաև կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

-Իսկ հիմա ամենակարևորը:

ՀՀ առողջապահության նախարարությունը բոլոր պատվաստում իրականացնող պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին հրահանգել է չխոտանել և շարունակել կատարել պիտանիության ժամկետն անցած պատվաստանյութերը՝ հիմք ընդունելով եվրոպական կայքերի, ռուսական պաշտոնյաների գրությունները:

-Եթե այդ գործելակարքը ընդունված է, ապա ինչու դա ամրագրված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում և ինչու օրինակ որակի միջազգային սերտիֆիկատ ունեցող դեղերը գրանցելու համար չեն օգտագործում այդ կայքերի ինֆորմացիան❓

-Գուցե դա արվել է  ոչ ճիշտ պլանավորված պատվաստանյութերի  գնման  հետևանքով պետությանն ահռելի վնասը կոծկելու համար, որի պատճառով <<ստիպված>>  Արմեդ էլեկտրոնային համակարգի պատվաստումների պահեստային հավելվածը այդպես էլ տարիներով լիարժեք չի աշխատում❓

Հ.Գ. Հուսով եմ մի օր հանրությունը կստանա այս և  շատ այլ հարցերի պատասխանը........

Հ.Հ.Գ Մեկ վիրաբուժի սխալը կարող է մեկ  կյանք արժենալ, պատվաստումների կազմակերպման ծածկադմփոցը  հանրային ( բոլորի )առողջապահական խնդիր է, որը  կարող է բերել սերունդների խեղաթույրված առողջությանը»:
 

Placeholder
ԱՆ-ն պոլիկլինիկաներին հրահանգել է ժամկետանց պատվաստանյութերով պատվաստումներ կատարել .Անուշ Պողոսյան