Մաշկաբան. Խայթոցի դեպքում անտանելի քորը կարելի է մեղմել այդ հատվածում սառույց դնելով, ոչ թե մածուն կամ ցեխ քսելով
Առողջություն
10:31 15/06/2023
Հայաստան

Մաշկաբան. Խայթոցի դեպքում անտանելի քորը կարելի է մեղմել այդ հատվածում սառույց դնելով, ոչ թե մածուն կամ ցեխ քսելով

Ամռանն ակտիվանում են տարատեսակ միջատները։
Ի՞նչ անել, երբ խայթել է մեղուն կամ մեկ այլ միջատ, ինչպե՞ս ցուցաբերել գրագետ առաջին օգնություն։  Այս և այլ հարցերի մասին Panorama.am-ը զրուցել է բժիշկ-մաշկաբան, դերմատոoնկոլոգ Տիգրան Մկրտչյանի հետ։

Panorama.am-Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել միջատների խայթոցն ամռանը։
Մաշկաբան-Տարվա այս շոգ եղանակին, միջատների, սողունների խայթոցների հետևանքները կարող են դրսևորվել մաշկի այտուցվածությամբ,  քորով ու կարմրությամբ, մինչև իսկ անաֆիլակտիկ շոկով, Գվինկեի՝ անոթային այտուցով և այլ տարբեր խնդիրներով (օրինակ` մեղվի խայթոցի դեպքում)։

Panorama.am-Ի՞նչ անել, երբ քորն անտանելի է դառնում։ Կարելի՞ է քորել խայթած հատվածը։
Մաշկաբան-Խայթոցի որևէ հատված կտրականապես չի կարելի քորել։ Եթե այդ հատվածը քոր է գալիս, պետք է որպես սառեցում օգտագործել սառույց, քանի որ քորելով գրգռվում է առանց այդ էլ այտուցված մաշկը և թունավոր միջատի խայթոցի պարագայում կարող է սրվել վիճակը։
Անհրաժեշտ է շտապ դիմել կամ տեղամասային բժշկական հաստատություն, կամ տեղում առաջին օգնություն ցուցաբերել այն դեպքերում, երբ օրինակ մեղվի խայթոցից մարդն ընկնել է անաֆիլակտիկ շոկի մեջ։

Եթե բժշկին դիմելու հնարավորություն չկա, պետք է տեղում դեղորայք ներարկվի, հակառակ դեպքում կարող է շատ լուրջ խնդիրներ առաջանան՝ շնչուղիների փակում և այլն, որոնք  վայրկյանների և րոպեների ընթացքում կարող են մարդու կյանքը վտանգի տակ դնել։

Panorama.am-Ի՞նչ միջոցներ կարելի է կիրառել տեղում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելիս։
Մաշկաբան-Եթե չկա հնարավորություն բուժհաստատություն տեղափոխելու, կարելի է ներարկել դեքսամետազոն, ադրենալին։ Օձի խայթոցի պարագայում՝ անտիգյուրզին հակաթույն, սակայն դա արդեն տեղում չի արվում, պետք է դիմել համապատասխան մասնագետի։

Միջատներից սարդի խայթոցի պարագայում ևս, երբ չգիտենք՝ տարանո՞ւլ է , թե՝ ոչ, հշեցնեմ՝  տարանուլը թունավոր է լինում, քորել և ինքնաբուժությամբ զբաղվել խստիվ արգելվում է, անմիջապես  պետք է դիմել մասնագետի։  Կարիճի խայթոցի պարագայում ևս պետք է անհապաղ դիմել բժշկի։

Panorama.am-Բժշկին այցի ընթացքում ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել՝ հասկանալու խայթոցի պատճառը։
Մաշկաբան-Հետազոտություններից առաջ կարևոր է անամնեզի հավաքումը, ապա պետք է հանձնել արյան ընդհանուր անալիզ, որոշվեն հակամարմինները, որից հետո կատարվի համապատասխան բուժում։

Panorama.am-Կարելի՞ է ցեխով պարուրել, կամ մածուն քսելը խայթոցի հատվածում, ինչը տարածված պրակտիկա է։
Մաշկաբան-Ո՛չ, նման քայլերը կարող են էլ ավելի սրել իրավիճակը։ Եթե քորն անտանելի է, կա այրոցի զգացում, կարելի է միայն սառույց դնել՝որպես տվյալ հատվածի սառեցում։


 

Placeholder
Մաշկաբան. Խայթոցի դեպքում անտանելի քորը կարելի է մեղմել այդ հատվածում սառույց դնելով, ոչ թե մածուն կամ ցեխ քսելով