Ռուսաստանում նախատեսում են սուբսիդավորել երիտասարդների բնակարանի վարձավճարի 50%-ը
Աշխարհում
12:16 21/06/2023
Աշխարհ

Ռուսաստանում նախատեսում են սուբսիդավորել երիտասարդների բնակարանի վարձավճարի 50%-ը

Ռուսաստանում նախատեսում են գործարկել մի ծրագիր, որը կխրախուսի երիտասարդներին հիփոթեքի համար կանխավճար կուտակել։ Մասնավորապես, նախատեսվում է փոխհատուցել մինչև 35 տարեկանների կողմից բնակարանների վարձակալության վճարի 50%-ը, գրում է «Իզվեստիա․ռու»-ն։

Սակայն սուբսիդավորման պարտադիր պայմանն է զուգահեռ խնայողություններ անել նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու համար:

«Ըստ էության, պետությունն օգնում է կուտակել բնակարանի ձեռքբերման համար նախատեսվող կանխավճարը՝ զուգահեռաբար սուբսիդավորելով բնակարանների վարձույթը՝ մինչև կանխավճարի կուտակման պահը»,- ասել է ՌԴ շինարարության նախարարության ղեկավարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը։

Նա ընդգծել է, որ նոր միջոցառման մանրամասները նախատեսվում է ներկայացնել առաջիկա ամիսների ընթացքում:

Գերատեսչությունում կարծում են, որ շահառուները հիմնականում 23-27 տարեկաններն են, նրանք, ովքեր ավարտել են ինստիտուտը, սկսել են աշխատել, ցանկանում են ընտանիք կազմել։ Նիկիտա Ստասիշինի խոսքով՝ ծրագիրը պետք է արդյունավետ լինի քաղաքացիների համար, սակայն այն չի պահանջի բյուջետային զգալի ծախսեր։

Նշվում է նաև, որ անշարժ գույքի գործակալությունների տվյալներով՝ ներկայում Ռուսաստանում բնակարանների վարձակալության միջին արժեքը կազմում է ամսական 25000 (մոտ 113 հազար դրամ) ռուբլի:
 

Placeholder
Ռուսաստանում նախատեսում են սուբսիդավորել երիտասարդների բնակարանի վարձավճարի 50%-ը