Գովազդվող նիհարեցնող միջոցները ո՛չ միայն չեն օգնում, այլև վտանգում են առողջությունը. Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան
Առողջություն
19:30 24/06/2023
Հայաստան

Գովազդվող նիհարեցնող միջոցները ո՛չ միայն չեն օգնում, այլև վտանգում են առողջությունը. Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան

Համացանցային տարբեր հարթակներում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են գովազդվում հեշտ ու արագ նիհարեցման նպատակով սննդային հավելումների և դեղերի օգտագործումը, ինչը ոչ միայն չի լուծում ստեղծված խնդիրը, այլև, հակառակը, հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների։

Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ ռիսկեր են իրենցից ներկայացնում նման դեղամիջոցներն ու ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ մարդու առողջության վրա։

Panorama.am- Կարելի՞ է արդյոք ինքնուրույն օգտագործել նիհարեցնող դեղամիջոցներ։

Սննդաբան- Ճարպակալումը խրոնիկ հիվանդություն է, և ցանկացած  հիվանդությամբ զբաղվում է բժիշկը։ Ինչպես հիվանդությունների մեծ մասը, սա էլ ունի դեղորայքային բուժման տարբերակներ։ Կան դեորայքներ, որոնց մեծ մասը, ցավոք, Հայաստանում գրանցված չեն, իսկ եթե գրանցված էլ են լինում, ապա պետք է ընդունել միայն բժշկի ցուցմամբ։

Panorama.am- Միայն բժշկի կողմից նշանակված դեղորայքը կարո՞ղ է ապահովել ցանկալի արդյունք։

Սննդաբան- Միայն դեղորայքները չեն, որ բուժման մաս են կազմում, ապրելակերպը ևս կարևոր է, քանի որ ցանկացած դեղորայքի դադարեցման դեպքում, քաշը արագ կվերականգնվի։ Այս խնդիրը պիտի անպայման լուծվի ճիշտ կենսակերպով։

Panorama.am- Դեղատներում և տարբեր օնլայն հարթակներում անարգել վաճառվում են նիհարեցնող դեղամիջոցներ։ Վստահե՞լ, թե՞ ոչ։

Սննդաբան- Դեղորայքը և այն, ինչն անվանում ենք նիհարեցնող միջոց, տարբեր են։ Սննդային հավելումները, ինչ-որ խոտեր, որոնք գովազդվում են՝,որպես քաշ իջեցնելու միջոց, դեղորայք չեն։ Նրանց միջև տարբերությունը նաև այն է, որ դրանք հսկողություն չեն անցնում, և պարզ չէ, թե ինչ բաղադրություն ունեն՝ հատկապես եթե ձեռք են բերվում կասկածելի արտադրողներից՝ օնլայն տարբերակով։

Panorama.am- Ի՞նչ հիմնական վտանգներ են պարունակում նմանատիպ դեղամիջոցները։

Սննդաբան- Նման միջոցներն իրենց բաղադրության մեջ կարող են պարունակել վտանգավոր նյութեր, ունենալ լուծողական էֆեկտ, որը կհանգեցնի ջրազրկման և լուծի։ Դրանցից օգտվողներն էլ ուշադրություն չեն դարձնում այդ ամենին, մտածում են՝ դե լավ է, օրգանիզմս մաքրվում է, և մի քանի օր հետո նկատվում է թուլություն և գլխացավեր են առաջանում։

Կարող են լինել նաև էլ ավելի վտանգավոր քիմիական նյութեր՝ օրինակ ախորժակը փակող, իսկ դրանք բոլորը կողմնակի էֆեկտներ ունեն՝ ազդում են սրտի վրա և դեպրեսիաներ են առաջացնում։
Այս նյութերը, բնականաբար, չեն կարող ճարպը քայքայել, այդ բոլոր դեղամիջոցները հիմնականում մի քանի ձևով են ազդում՝ կամ միզամուղ ու լուծողականվեն, կամ երկուսը միասին, և կամ փակում են ախարժակը։

Ամենավատն այն է, որ հետո քաշն ավելի արագ ու մեծ կիլոգրամներով հետ է գալիս, ինչից մարդը հիսթափվում է, ստացվում է, որ անիմաստ գումարներ կորցրեց, իսկ առողջությունը՝ վնասեց։

Panorama.am- Ովքե՞ր են ռիսկի խմբում գտնվող մարդիկ։

Սննդաբան- Դեղամիջոցները բոլորի վրա ունենում են նույն էֆեկտը՝ վտանգավորության առումով, իսկ ռեպրոդուկտիվ շրջանի կանանց մոտ, հատկապես, կարող են նկատվել դաշտանի խանգարումներ, դաշտանի դանդաղում և այլն։

Panorama.am-Ինչպե՞ս կարելի է կանխել այս վտանգավոր երևույթի տարածումը։

Սննդաբան- Ցավոք սրտի և՛ արտադրողներն են ինչ-որ չափով անբարեխիղճ, և՛ գնորդներն են անգիտակից։ Քանի որ հսկողություն չկա, սրա պատասխանատվությունը մնում է միայն սպառողի գիտակցության վրա, բայց մինչ այս դեղերին հասնելը, մարդ պիտի հասկանա, որ այն ինչ գովազդվում է, արդեն ճիշտ ու առողջ չէ, ուղղակի պետք է փակել այդ գովազդն ու գնալ առաջ, որովհետև ամսական 3-5 կգ-ից ավելի ճարպ չի քայքայվում։
 

Placeholder
Գովազդվող նիհարեցնող միջոցները ո՛չ միայն չեն օգնում, այլև վտանգում են առողջությունը. Սննդաբան Վարդանուշ Պետրոսյան