Կանգնելո՞ւ ենք պետական պարտքի սպասարկման խնդրի առաջ՝ պատասխանում է Վիլեն Խաչատրյանը
Տնտեսություն
17:20 07/07/2023
Հայաստան

Կանգնելո՞ւ ենք պետական պարտքի սպասարկման խնդրի առաջ՝ պատասխանում է Վիլեն Խաչատրյանը

Մայիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատել է 11,2 մլրդ դոլարի սահմանագիծը: Panorama.am-ը երևույթի տնտեսական  հիմքերը և հնարավոր ռիսկերը պարզելու համար դիմեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանին:

Panorama.am-Պարո՛ն Խաչատրյան, պետական պարտքի այս ծավալն արդյո՞ք մտահոգիչ չէ և ի՞նչ հնարավոր ռիսկեր է այն իր մեջ պարունակում:

Վ. Խաչատրյան-Ռիսկայնության տեսանկյունից պարտքային բեռն սովորաբար համեմատվում է  ՀՆԱ-իմ մեջ ունեցած տեսակարար կշռով: Այս առումով դիտարկելիս՝  ՀՆԱ-ն 2022 թվականի վերջի դրությամբ 21 մլրդ դոլարից մի քիչ ավելի է: Սա նշանակում է, որ մեր մոտ պետական պարտքի առումով 50 %-ից մի քիչ է տարբերություն տալիս: Իսկ այն նշանակում է, որ 2022 թվականի արդյունքային ցուցանիշի համեմատ, եթե մենք աճ ենք ունենում նաև 2023 թվականի ընթացքում, ապա պետական պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ, կրկին լինելու է մոտ 50 %: Այս առումով պետական պարտքի մեծությունը, տնտեսության մեծացման հետ մեկտեղ, տեսակարար կշռի անկում կամ նվազեցում է արձանագրում: Եթե նախկինում ընդհուպ մոտեցել էինք մինչև 60 %-ի, ապա այս պարագայում մենք որոշակի առումով պարտք ներգրավելու և տնտեսությանն ակտիվություն հաղորդելու հնարավորություն ունենք:

Երկրորդ հարցն այն է, թե մենք պարտքը ներգրավում ենք արտաքի՞ն, թե՞ ներքին ռեսուրսների հաշվին: Ինչպես երևում է վիճակագրական տվյալներից՝ 2023 թվականի մայիսի վերջի դրությամբ մենք ունենք 6,4 մլրդ դոլարին հասնող արտաքին պարտք և 4,6 միլիարդին հասնող ներքին պարտք: Սա փաստում է այն մասին, որ քաղաքականությունը, որը տարվում է պետական պարտքի բնագավառում ուղղված է ներքին ռեսուրսների հաշվին պարտքի ավելացմանը: Այսինքը՝ պարտատոմսերը ձեռք են բերվում ռեզիդենտների կողմից, որոնք պետական գանձապետական պարտատոմսեր են, որոնց գնորդները մեր ռեզիդենտներն են, սա էլ իր հերթին նշանակում է, որ տոկոսները, որոնք պետք է վճարվեին պարտքի համար, մնում է երկրի ներսում, ինչը դրական երևույթ է:

Մյուս կողմից դրանք հանդիսանում են նաև այն գործիքը, որի միջոցով լրացուցիչ ֆինանսական միջոցները, որոնք կան տնտեսության մեջ և բնակչության ձեռքին, հավաքվում է այդ պարտատոմսերի միջոցով և զսպվում է ինֆլացիան: Բայց այս պահի դրությամբ մենք ունենք  ինֆլացիայի ցածր տեմպեր, իսկ այն նշանակում է, որ պարտքի ներգրավման պարտատոմսային գործիքն առաջիկա ժամանակահատվածում կարող է որոշակի առումով թուլացվել, այսինքը՝ ավելի քիչ կիրառվել, որովհետև, կրկնում եմ, այն կիրառվում է նաև ինֆլացիայի զսպման համար: Ներկայիս ինֆլացիայի տեմպերն, այս առումով գործիքի կիրառությունը կսահմանափակեն:

Արտաքին պարտքի դեպում, եթե նայում ենք 2022 թ. դեկտեմբերի 31-ի և 2023 թվականի մայիսի 31-ի դրությամբ, ապա մենք անգամ նվազում ունենք, այսինքը եղել է 6 մլրդ 445 մլն դոլոր,  հիմա դարձել է 6 մլրդ 409 մլն դոլար, մոտ 36 մլն դոլարով նվազում: Սա նշանակում է, որ մենք արտաքին աղբյուրներից պարտքի ներգրավման գործիքից շատ ավելի  քիչ ենք օգտվում: Մյուս կողմից, այստեղ կան տրամաբանական քայլեր, որոնք պայմանավորված են պարտքի արտարժութային կառուցվածքով: Ապավինելով ներքին ռեսուրսներին կամ դրամական միջոցներով պարտքի ներգրավմանը՝  մենք չենք ունենում որևէ խնդիր պայմանավորված փոխարժեքային տատանումների և կոնվերտացիոն գործընթացների հետ, հետևաբար, այդ պրոցեսներում ևս կորուստները բացառվում կամ նվազում են:

Կա երկու տիպի արտաքին պարտք՝ կառավարության և ԿԲ-ի: Եթե համեմատենք 2022 թվականի վերջի ցուցանիշների հետ , ապա ԿԲ-ի պարտքն ընդամենը 3 մլն դրամով է աճել, իսկ կառավարության պարտքը եղել է 5 մլրդ 894 մլն դոլար և դարձել է 5 մլրդ 854 մլն դոլար, այսինքը կառավարության պարտքի մասով ունենք 40 մլն դոլարի նվազում՝ տարվա սկզբի դրությամբ: Հետևաբար՝ միայն ներքին պարտքն է աճող բաղադրիչը և եթե նայենք  տարվա սկզբի համեմատությամբ՝ 5 ամիսների ընթացքում պետական պարտքի ընդհանուր ծավալի աճը, ապա կտեսնենք, որ այն մոտավորապես 390 մլն դոլար է կազմում՝ ամսական 80 մլն դոլարի կարգի:

Panorama.am-Կառավարությունն հայտարարում է, թե մենք ունենք տնտեսության աճ, հարկային եկամուտների մեծ ծավալների մուտքեր, այդ դեպքում ի՞նչու է նման չափերի պարտքեր ներգրավում, հատկապես՝ դրսից:

Մ. Խաչատրյան-Նկատենք, որ դրսից ստացվող վարկերի չափաբաժինը նվազել է: Այն համագործակցության մոդել է և երբեմն արտոնյալ պայմանները ստիպում են, որպեսզի նմանատիպ գործիքներից օգտվենք և չի կարելի ընթացիկ ժամանակահատվածում տեղի ունեցող իրավիճակից ելնելով գործընկերների հետ, կարելի է ասել,  կապերը կամ եղած զարգացման ծրագրերը խզել: Նման տիպի պարտքերի ներգրավումն ավելի շուտ ունի գործընկերային հարաբերությունների և տարբեր պրոյեկտներ համատեղ իրականացնելու հիմքեր, քանի որ շատ են նաև դեպքերը, երբ նման պարտքերի ներգրավումը տեղի է ունենում  միջազգային կազմակերպություններ-պետություն համագործակցության մոդելով: Այսինքը՝ տրանշի մի մասը պարտքի տեսքով տրամադրում է միջազգային կազմակերպությունը, մյուս մասը՝ մեր պետությունը և համատեղ իրականացվող ծրագրի ծավալն և ընդգրկվածությունը լինում է ավելի մեծ:Պետք է նաև հեռանկարային հաշվի առնել, որ գուցե գա ժամանակ, որ նման գործիքներից պետք լինի օգտվել և գործընկերությունը պետք է պահնպանել:

Կա երկու տեսություն, մեկլը՝ 0-յական պարտքերի տեսությունն է, երբ պետությունները ձգտում են հնարավորինս քիչ պարտքեր ներգրավելով վարել իրենց քաղաքականությունը, մյուսը՝ կառավարելի կամ սահմանափակ ծավալով պարտքերի վերցնելը, երբ դու կարողանում ես սպասարկես դրանք և վերցնում ես: Սա մոտավորապես նման է այն գործարարին, որն ունի գումարներ և կարող է իր գումարներն օգտագործել, իր բիզնեսն անել և երբ նրան առաջարկում են էժան տոկոսով վարկ, որն ունի բարձր շահութաբերություն և այդ տարբերությունը հաշվարկում է, որ իրեն օգուտ է՝ միաժամանակ օգտվում է նաև դրանից: Սա նման է նրան, որ դու էժան տոկոսով վերցնում ես, բայց ավելի բարձր տնտեսական աճ ես ապահովում այդ գումարները շրջանառության մեջ դնելով և դու դրանից պարզապես չես հրաժարվում:


Panorama.am-Ինչո՞ւ են Հայաստանին  նման բարեհաճությամբ պարտքեր տալիս դրսից:

Վ. Խաչատրյան-Սովորաբար պարտք են տալիս, այն մարդուն, կազմակերպությանը և կառավարությանը, ով այդ պարտքերը վերադարձնում է: Եթե դիտարկենք այս սկզբունքի տրամաբանության շրջանակներում, ապա այն  այդպես է: Երկրորդը՝ մենք 2022 թվականին ապահովել ենք բավականին բարձր տնտեսական աճ, որոշ միջազգային բիզնես հարթակներում ունենք մեր վարկանիշի բարձրացում, ինֆլացիայի ցածր մակարդակ, որը վստահություն է ձևավորում և այս պարագայում, բնականաբար, պատրաստ են տարբեր ծրագրերով ֆինանսավորել և վարկավորել մեր պետությանը: Բայց, այնուամենայնիվ, մյուս կողմից մենք բարձրացնում ենք մեր գնողունակությունը , զարգացող երկրների շարքում սկսում ենք դասվել ավելի բարձր կարգավիճակի, որի դեպքում վարկավորման տարբեր պրոյեկտներ կարող են սահմանափակվել: Միանշանակ այդպես չէ, որ, երբ դու միշտ զարգանում ես, քեզ վարկավորում են: Աղքատության և այլ վարկային ծրագրերի տեսակներ կան, որոնք հիմնվում են ՀՆԱ-ի մեկ շնչի ցուցանիշի վրա: Հատկապես փոխարժեքի կուրսի տատանումների, դոլարային կուրսի արտահայտությամբ և գնողութնակության մեկ շնչի հաշվով մեր ՀՆԱ-ի  աճի պարագայում, մենք որոշակի առումով փոխել ենք մեր կարգավիճակը զարգացող երկրների ցանկում, իսկ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ արտաքին վարկավորման առումով և կա գործոն, որ մենք ստիպված լինենք օգտվել ներքին վարկային ռեսուրսներից: Որաշկի առումով կա պետական պարտքի կառավարման ռազմավարություն, որի շրջանակներում մենք ներքին պարտքի մեծացման ուղղությամբ քաղաքականություն ունենք:

Panorama.am-Ըստ վիճակագրության՝ ներգրավվող արտաքին պարտքի գրեթե 100 %-ը մեր կառավարությունն ուղղում է կապիտալ ծախսերին, սա նորմա՞լ  երևույթ է:

Վ. Խաչատրյան-Արտաքին պարտքը տալիս են և այդ ծրագրերը մտցնում են բյուջեի մեջ,  դրա համար էլ այլ ուղղվածություն չի կարողանում ստանալ: Կան ծրագրեր և արտաքին պարտքի ստացած միջոցները պետք է այդ ծրագրերով արվի,  դրանք բնականաբար կապիտալ ծախսերն են՝ ճանապարհաշինություն, Ասիական զարգացման բանկից ներգրավված միջոցներ, ինչն այդպես էլ պետք է լիներ:

Panorama.am-2025 թ.-ին Հայաստանը հասնելու է իր արտաքին պարտքի  սպասարկման գագաթնակետին, այստեղ ի՞նչ ռիսկեր եք տեսնում:

Վ. Խաչատրյան-Կարծում եմ, որ եթե այս պահի դրությամբ մենք կարողացել ենք որոշակի առումով ստեղծել մոտ 10%-անոց անվտանգության բարձիկ, քանի որ ՀՆԱ-ի 60 % պարտքի վերին շեմի գաղափարը կա, բայց մոտ 50 %-ի վրա ենք, ապա առաջիկա երկու տարիներին եթե անգամ սպասարկման տեսանկյունից խնդիրներ առաջանան, ապա կվերաձևակերպեն, կոպիտ ասած, կավելացնեն սպասարկման մասով պարտքի չափը, այն կդառան, օրինակ. 55 %, որը կոչվում է պարտքի ստրուկտուրիզացիա կամ կառուցվածքային փոփոխություն և պարտքը որոշակի կավելացնեն, ժամկետը կերկարաձգեն, սպասարկամ ժամանակահատվածը կավելացնեն և այդ հարցը կփակեն: Բայց կարծում եմ, որ նման իրավիճակի կդիմեն վատագույն դեպքում, ինչը ցույց կտա ընթացքը: Սա ես նկարագրեցի վատագույն սցենարը: Չեմ կարծում, որ նման պայմաններում մենք կանգնելու ենք պարտքի սպասարկման խնդրի առաջ:

Զրուցեց Ա. Վարդանյանը

Placeholder
Կանգնելո՞ւ ենք պետական պարտքի սպասարկման խնդրի առաջ՝ պատասխանում է Վիլեն Խաչատրյանը