Ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլուն
Քաղաքական
14:55 14/07/2023
Տարածաշրջան

Ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլուն

Ուկրաինայի Գերագույն ռադան կոչ է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ, այդ մասին հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։

«Ռադան դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ԵՄ անդամ երկրների խորհրդարաններին՝ հումանիտար ակտի իրականացման և Վրաստանի երրորդ նախագահ (2004-2013 թթ.)՝ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Նիկոլոզի Սաակաշվիլուն ներում շնորհելու անհրաժեշտության մասին»,-գրել է Ժելեզնյակը։

Ուկրաինայի խորհրդարանը Զուրաբիշվիլիին կոչ է արել Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարին մուտք գործել Սաակաշվիլու մոտ, ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահին ծանր ֆիզիկական վիճակի պատճառով։ Ռադան նաև կոչ է արել ԵՄ երկրների խորհրդարաններին համապատասխան որոշումներ ընդունել Սաակաշվիլուն ներում շնորհելու անհրաժեշտության վերաբերյալ։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նրա նկատմամբ հետաքննվում են մի քանի քրեական գործեր։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի, պետբյուջեի միջոցների յուրացման և ապօրինի սահմանը հատելու գործերով, վերջինս դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի ամբողջ ժամկետով պատիժը։
 

Placeholder
Ռադան Վրաստանի նախագահին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլուն