«Փարիզ-2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր
Սպորտ
17:49 19/07/2023

«Փարիզ-2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր

«Փարիզ-2024» oլիմպիական ավանում և մարզահամալիրներում  շրջայց է կազմակերպվել  հյուրընկալված մարզաշխարհի մարդկանց  համար: 

Տոկիո-2020-ի օլիմպիական գյուղում մահճակալները պատրաստված էին ամուր ստվարաթղթից, որով առավելագույնի էր հասցվել  ֆինանսական  խնայողությունը: Ավանդույթը շարունակում են  նաև ֆրանսիացիները։

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ի տարբերություն Տոկիոյի խաղերի, այս պարագայում օլիմպիականների  համար նախատեսված սենյակներն ու մարզասրահները համեմատաբար ընդարձակ են։

Ավանը  կառուցվել է Սենա գետի երկայնքով և զբաղեցնում է նրա երկու ափերը։ Գետն անցնելու համար կառուցվում է հատուկ կամուրջ։ Գյուղի  ներսում միկրոավտոբուսները կշարժվեն երկու րոպեի ընդմիջումով։ Մի  հսկայական հրապարակ, որը նախկինում եղել է կինոյի տաղավար, խաղերի ընթացքում կծառայի որպես խոհանոց։

Օլիմպիական ավանը մեծ տարածք է զբաղեցնում։ Այդ պատճառով կազմկոմիտեի անդամներին կտրամադրվեն ինքնագլորներ, իսկ  հյուրերին  հեծանիվներ՝ ավելի արագ տեղ հասնելու համար։

Հարկ է նշել, որ «Փարիզ - 2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր: Փարիզցիները այդկերպ  մշտապես կհսկեն օլիմպիական կառույցները,  դրանք կծառայեցնեն երկրին ու բնակչությանը: Իսկ ահա, օրինակ, Աթենքի և Ռիոյի  մրցավայրերը պարապուրդի են մատնված:

33-րդ ամառային  օլիմպիական մարզահանդեսի տանտերերը կառուցել են 15 220 հոգու համար նախատեսված ջրային մարզաձևերի կենտրոն, ինչպես նաև 8000 հանդիսականի համար ծառայող մրցասպարեզ, որտեղ կանցկացվեն բադմինթոնի  և գեղարվեստական  մարմնամարզության մրցումները։

Բազմաթիվ ցուցահանդեսային սրահներ նույնպես կօգտագործվեն  մրցումների անցկացման համար: 

Մեկ այլ հետաքրքիր փաստ.  որոշ  մարզաձևերի մրցաշարեր տեղի կունենան երկու տարբեր վայրերում: Մասնավորապես «Arena Paris Nord»  ցուցահանդեսային հրապարակում կկազմակերպվեն բռնցքամարտի մրցումները, իսկ եզրափակիչ մենամարտերը նախատեսված են «Ռոլան Գարոս» մարզադաշտում։ 

Placeholder
«Փարիզ-2024»-ը պատմության մեջ կմտնի որպես ամենաքիչ նորակառուցներով համալրված օլիմպիական խաղեր