«Ոսկե սերմեր» 11-րդ կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին
Կրթություն, գիտություն
15:20 20/07/2023
Հայաստան

«Ոսկե սերմեր» 11-րդ կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Գրիգորյան ընտանիքը հայտարարում են Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» գիտակրթական ծրագրի մեկնարկը։

Այս մասին պայմանավորվածությունը հաստատվել է ՀՊՏՀ-ի ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանի, հերոսի մայրիկի՝ Սուսան Ավագյանի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի՝ 18.07.2023 թ․ կայացած հանդիպման ժամանակ։
Համալսարանի՝ հերոսների հիշատակին նվիրված լսարանի նկատմամբ հոգածությունը, այդ լսարանում Արցախի պատմամշակութային հուշարձանների ներկայությամբ հայկական ազգային կողմնորոշիչների ընդգծման փաստը ներկայանում են որպես գաղափարակից գործընկերության հավաստի երաշխիքներ։

Դավիթ Գրիգորյանը 2020-ի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար 2020-ի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: Մինչև հերոսաբար զոհվելը շարունակել է մասնակցել պատերազմական գրծողություններին՝ խոցած տանկերի թիվը հասցնելով 18-ի, ոչնչացրել է նաև ծանր հրանետային համակարգեր (ТОС), ՀՄՄ-ներ, ընդհանուր հաշվով՝ 25 միավոր զրահատեխնիկա:

Բարձրագույն մարտունակության տեր հերոսն օժտված է եղել նաև անձնական բացառիկ հատկություններով՝ համեստությամբ, արժանապատվությամբ, խորն ինտելեկտով, հայրենատիրության վճռականությամբ։ 

Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված տարեկան կրթամրցանակակրի պատվավոր կոչման կարժանանան ՀՊՏՀ արժանավոր ուսանողները՝ հաղթահարելով բարձր չափորոշիչներով հաստատված մրցույթի փուլերը։ Նրանք նաև կխրախուսվեն Գրիգորյան ընտանիքի սահմանած 300000 (երեք հարյուր հազար) դրամ կրթամրցանակով։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ մրցույթի մասին հայտարարությունը կտարածենք սեպտեմբերին։

Կրթամրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ կփառաբանվեն հանուն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անմահացած հերոսները։

«Մեզ թաղեցին, բայց մենք սերմեր էինք»․ սա է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի կարգախոսը։ Դավիթ Գրիգորյանի անվան կրթամրցանակը 11-րդ «Ոսկի սերմն» է, ՀՊՏՀ-ն՝ 5-րդ գործընկեր բուհը։ Սկսած 2021-ից՝ ԵՊՀ 6 ֆակուլտետներում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և Երևանի պետական կոնսերվատորիայում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների թանկ անուններով կրթամրցանակաբաշխություններ են իրականանում՝ ուսանողներին ներկայացնելով իրենց փառապանծ կենսագրությամբ և հերոսական հավերժացմամբ բարձր նշաձողեր սահմանած, հայրենատեր և տաղանդավոր երիտասարդ հերոսների կերպարները, հնարավորություն տալով շարունակել նրանց անավարտ գործը։  Ոսկի սերմերից ոսկի ծիլեր են դուրս եկել՝ ծրագիրն արդեն 45 մրցանակակիր ունի։
«ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» գիտակրթական ծրագրի մոդելը տարածվում է Հայաստանի այլ բուհերում ևս․ մոդելի օրինակով կրթամրցանակներ են գործում նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Գևորգյան հոգևոր ճեմարանում։

Հավերժ փա՛ռք մեր հերոսների խնկելի հիշատակին։

 

Placeholder
«Ոսկե սերմեր» 11-րդ կրթամրցանակը նվիրված է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակին