Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել
Սպորտ
13:46 21/07/2023
Հայաստան

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել

ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել  676 մլն 368 հազար դրամ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այդ գումարից 196 մլն 548 հազար դրամը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի վերաբաշխման արդյունքում՝ 3-րդ եռամսյակում և 479 մլն 820.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 4-րդ եռամսյակում` անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար:

Վերջին տարիներին սամբո մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2022  թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևանում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների  ու երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ դեռահասների հավաքականը նվաճել է  մեկ ոսկե,  մեկ արծաթե և երեք  բրոնզե մեդալ, պատանիների հավաքականը՝ մեկ ոսկե, երկու  բրոնզե մեդալ, իսկ երիտասարդների հավաքականը՝ երեք բրոնզե մեդալ:

Հարկ է նշել, որ սամբոյի մեծահասակների ՀՀ հավաքականները նույնպես ունեն հաջողություններ: 2022 և 2023 թվականներին մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել  Արսեն Խանջյանը: 2023 թվականին մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել  Արման Ավանեսյանը, իսկ 2-րդ մրցանակակիր՝ Վարսիկ Գրիգորյանը: Հավաքականը նվաճել է 4 բրոնզե մեդալ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի  միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի  մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 ներկայացուցիչների մասնակցություն: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, որը կնպաստի միջազգային մարզական հարթակներում Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և մարզական հեղինակության բարձրացմանը:

 

Placeholder
Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունը կազմակերպելու համար կառավարությունը միջոցներ է հատկացրել