«Ժողովուրդ». 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստվում են նրանց հետ կանչել
Օրվա մամուլ
09:17 21/07/2023
Հայաստան

«Ժողովուրդ». 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստվում են նրանց հետ կանչել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը նոր գործընթաց է սկսում. դատավորները պատրաստվում են կոչով հանդես գալ: Մասնավորապես, կա՛մ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորներն իրենք ինքնակամ դիմում կգրեն և կհեռանան ԲԴԽ դատավորի պաշտոնից, կամ օրենքով դատավորները կլուծեն նրանց ազատման հարցը: Իսկ ինչի՞ց հետո է սկսվել այս կտրուկ իրավիճակը:

Նախօրեին՝ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը և առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին:

Այսինքն՝ 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստակամություն ցուցաբերել նրանց հետ կանչել և նոր ԲԴԽ անդամ դատավորներ ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Դատավորները ցանկանում են իրենց ներկայացուցիչներին ունենալ ԲԴԽ-ում, որոնք ոչ թե Կարեն Անդրեասյանի կողքին կկանգնեն, այլ կպաշտպանեն դատավորներին և դատական անկախության շահերը:

Իսկ ովքե՞ր են ԲԴԽ դատավոր անդամները. նրանք են՝ Նաիրա Հովսեփյան, Քրիստինե Մկոյան, Արթուր Աթաբեկյան, Արշակ Վարդանյան, որը թերևս միակն է, որ կռիվ է տալիս դատական համակարգում: Ասել է թե՝ դատավորներն այս օրերին վճռում են նրանց ճակատագիրը: Ի դեպ, անգամ դատական համակարգում հիշել են դատավոր Նաիրա Հովսեփյանի խոստումը:

Բանն այն է, որ նա ԲԴԽ անդամ ընտրվելուց առաջ կողմ է եղել դատավորների հետ կանչման պրոցեսին, սակայն հուլիսի 19-ին դատավորների ժողովում դեմ է քվեարկել այս գործընթացը սկսելու նախաձեռնությանը: Այսինքն՝ ԲԴԽ է գնացել նպատակով, որ ոչ թե դատավորների շահերը պետք է ներկայացնի, տեր կանգնի դատական անկախությանը, այլ կդառնա գործադիր իշխանության կցորդը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Ժողովուրդ». 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստվում են նրանց հետ կանչել