Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունաստանի վարչապետը Հռոդոսում հրդեհների պատճառով արձակուրդն ընդհատած զբոսաշրջիկներին անվճար հանգիստ է խոստացել
Հունաստանի կառավարությունը հաջորդ գարնանը և հաջորդ աշնանը Հռոդոսում մեկշաբաթյա անվճար արձակուրդ կառաջարկի այն զբոսաշրջիկներին, որոնք հրդեհների պատճառով ընդհատել են իրենց արձակուրդները։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, բրիտանական ITV հեռուստաալիքին ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Մենք հասկանում ենք, որ հյուրերին անհարմարություններ են պատճառել, բայց ես ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Հռոդոսն ավելի հյուրընկալ է, քան երբևէ։ Կղզին վերադարձել է բնականոն կյանքի։ Իսկ բոլոր նրանց, ովքեր հրդեհների պատճառով ստիպված են եղել ընդհատել իրենց արձակուրդը, Հունաստանի կառավարությունը տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ մեկշաբաթյա անվճար հանգիստ կառաջարկի Հռոդոսում հաջորդ գարնանը և հաջորդ աշնանը, որպեսզի երաշխավորի նրանց վերադարձը կղզի, որտեղ նրանք կվայելեն նրա բնական գեղեցկությունը», -ասել է Միցոտակիսը։
Նշվում է, որ հիմնականում տարհանումն ազդել է Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկների վրա: Հունաստանի վարչապետը խորհուրդ է տվել բրիտանացիներին, որոնք մտածում են վերջին պահին ամրագրումներ կատարել, ընտրել Հռոդոսը։
Հիշեցնենք, որ Հռոդոսում անտառային խոշոր հրդեհը սկսվել է հուլիսի 18-ին, տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ, հիմնականում ՝ զբոսաշրջիկներ: