Իրանին «համոզել» են, որպեսզի Երևան ՋԷԿ-ը պարապ չկանգնի․ փորձագետ
Տնտեսություն
17:41 12/08/2023
Հայաստան

Իրանին «համոզել» են, որպեսզի Երևան ՋԷԿ-ը պարապ չկանգնի․ փորձագետ

Օրերս  ստորագրվեց «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ ՀՀ ՏԿԵՆ-ի հաղորդագրության համաձայն՝  պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ Այն երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ Նշենք, որ պայմանագրի վերջնաժամկետը՝ 2026 թ․-ին։ Ի՞նչ կտա Հայաստանին մի քանի տարով պայմանագրի երկարաձգումը։ Panorama.am-ի հարցին պատասխանել է էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը։

Փորձագետը նախ հիշեցնում է, որ ռուսական կողմի հետ կա կնքված գազային պայմանագիր,որը գործում է մինչև 2040թ․-ը։ Համաձայն այդ պայամանագրի՝ Հայաստանը երրորդ երկրից գազ ստանալու իրավունք չունի։

«Հայ-իրանակական պայմանագրի դեպքում խոսքը՝  էլեկտրաէներգիան գազով վճարման մասին է, իրանական կողմը մեզ «գազով» վճարում է էլեկտրաէներգիա ստանալու դիմաց, որը նրան առայժմ անհրաժեշտ է»,- ասաց  Էդուարդ Արզումանյանը։

Ինչո՞ւ առայժմ։

Բանն այն է , որ ռուսներն Իրանում կառուցում են ևս երկու ատոմային բլոկ, որոնք կշահագործվեն  2025 և 2026 թվականներին։  Նրանք տարեկան կարտադրեն 15 մլդ կվ/ժ։ Համեմատության համար նշենք, որ գազի դիմաց նրանք ստանում են  լավագույն դեպքում՝ 1,5 մլդ կվ/ժ, որը եղել է 2017թ․-ին, դրանից հետո ցուցանիշն ավելի նվազել է։

«Երբ ատոմային բլոկները գործեն, Իրանին այլևս էլեկտրաէներգիա պետք չի լինի, ինչը նշանակում է, որ Իրանը կսկսի գազ վաճառել միայն գումարով։ Այս նոր հայ-իրանական պայմանագիրն ավելի շատ քաղաքական է, քան էներգետիկ հարաբերությունների օբյեկտիվության մասին։ Կարծում եմ՝ մերոնք վախենում են, որ եթե 2026թ․-ին նրանք մեզանից էլեկտրաէներգիա չցանկանան, ապա Երևան ՋԷԿ-ը կկանգնեցնի աշխատանքը, քանի որ ուրիշ էլեկտրաէներգիա ուզող  չի լինի։ Հիմա Իրանին «համոզել» են, որպեսզի Երևան ՋԷԿ-ը պարապ չկանգնի։ Սա ոչ թե պետական շահերից կամ էներգետիկ համակարգի բավարարման տեսակետից է, այլ արվել է ի շահ  Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի, որպեսզի վերջինս պարապ չմնա, ինչպես 2021թ․-ի հունվարից պարապ կանգնած է Հրազդանի 5 ջերմային բլոկը՝ 470 մգ/վ հզորությամբ»,- ասաց Արզումանյանը։

 

Placeholder
Իրանին «համոզել» են, որպեսզի Երևան ՋԷԿ-ը պարապ չկանգնի․ փորձագետ