Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի Շովի հանգստավայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Ըստ աղբյուրի՝ ուրբաթ օրը փրկարարներին հաջողվել է գտնել ևս երեք դի։
Փրկարարների տվյալներով՝ մեկ մարմին հայտնաբերվել է աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա, իսկ մյուս երկուսը՝ 2 կմ հեռավորության վրա։
Սողանքի գոտում աշխատում է 103 միավոր տեխնիկա։ Տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեի խոսքով՝ տեխնիկան դանդաղ է աշխատում, որպեսզի պատահաբար չվնասի մարմինները։
Ընդհանուր առմամբ, Շովիում աղետի գոտում հայտնաբերվել է 24 դի, անհետ կորած է համարվում 9 մարդ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ավերվել են կամուրջներ, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Փրկարարները տարհանել են 210 մարդու:
Նշենք, որ Թբիլիսիից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շովին Վրաստանի առողջարանային բնակավայրերից է, որը հայտնի է իր հսկայական անտառներով և հանքային ջրերի աղբյուրներով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ սողանքի հետո բարձրլեռնային Շովի առողջարանային քաղաքն այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացվել է։