Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր
Հասարակություն
17:05 16/08/2023
Հայաստան

Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր

«Մեր հայրենակիցներին խնդրում ենք սթափվել, համախմբվել նույն գաղափարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր պառակտումից, անջատումներից ծնվում են ավելի վատ դրություններ։ Եթե ուզում ենք պատերազմներ չլինեն, բլոկադա չլինի, ականատես չլինենք, թե ինչպես են մարդիկ սովից մահանում, պետք է համախմբվենք մի գաղափարի շուրջ  ու պայքարենք մի գաղափարի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամարաս վանական համալիրի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը, ով ներկա է ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի դիմաց արցախցիների կազմակերպած բողոքի ակցիային։

Panorama.am-ի հարցին՝ իշխանությունների անելիքն ո՞րն է, Ամարասի վանահայրն ասաց.  «Իշխանությունը լսում է ժողովրդի ձայնը։ Երբ որ  իշխանությունը տեսնի, որ  ժողովրդի մածամասնության խոսքը, գաղափարը մեկ է, պետք է փորձի ինչ-որ չափով հաշվի նստել ու ընթացք տալ այդ գաղափարին»։

Մեր մյուս հարցին՝ Դադիվանքում հայ հոգևորականներ կա՞ն, նա ասաց. «Այո, Դադիվանքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նրա խնդրանքով, ռուս խաղաղապահների միջնորդությամբ ունենք հոգևորականներ, որոնք իրենց ծառայությունն են բերում։

Այստեղ ռուսների դերն է մեծ։ Ռուսների միջնորդությամբ է, նրանք են ապահովում այնտեղ գտնվող հայ հոգևորականների անվտանգությունը»։

Նա հայտնեց, որ այս պահին դեպի Դադիվանք ուխտագնացություններ չեն լինում, վերջին անգամ ռուս խաղաղապահների  առաջնորդությամբ ուխտագնացություն եղել է բլոկադայից առաջ։

«Այս պահին այդ գործընթացը դադարեցված է,»,- ասաց Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրը 44-օրյա պատերազմից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder