Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործադիրը պիլոտային ծրագրով բաժնետոմսերով կմասնավորեցնի Հանրապետության հրապարակի հայտնի փոստի շենքը
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց պիլոտային նոր ծրագրի շրջանակներում բաժնետոմսերով մասնավորեցնել Հանրապետության հրապարակում գտնվող փոստի հայտնի շենքը:
Ըստ նախագծի՝ պիլոտային ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ՀՀ սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր oգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 78099/81153 բաժնային սեփականության իրավունք) ներդրմամբ ստեղծել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն, որը հետագայում կմասնավորեցվի ֆոնդային բորսայի միջոցով:
Պիլոտային ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերեությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։
Հիմնավորման մեջ ասվում է. «Ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ։ Շենքի դիմային մասն ամբողջությամբ և կողային մի մասը սրբատաշ տուֆ է, ճարտարապետական բացառիկ լուծումներով, զարդաքանդակներով, ազգային զարդանախշերով և խոյակներով։ Սակայն շենքի ներքին հարդարումը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։
Շենքի պահառությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով պետությունը տարեկան ծախսում է մոտ 33 մլն.դրամ։2023թ. հուլիսի 10-ի դրությամբ գնահատման արդյունքում ք.Երևան Նալբանդյան 28 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ.դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։
Շենքի տեղակայումը և արտաքին տեսքն ապահովում են գույքի բարձր արժեքը։ Սակայն շենքի բարձր արժեքը կարող է խոչընդոտել մեծաթիվ ներդրողների, որոնք ի վիճակի չեն լինի ներդնել շուրջ 17 մլրդ. դրամ գումար և գնել շենքը, այնուհետ՝ լրացուցիչ ներդրումներով իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Մինչդեռ, եթե հնարավորություն ստեղծվի փոքր ներդրողների համար՝ շատերը կցանկանան որոշակի բաժնեմաս ձեռք բերել։ Մեծաթիվ ներդրողներ ներգրավելու արդյունքում գույքի շուկայական արժեքը կարող է բարձրանալ։
Բաժնետիրական ընկերությունը որպեսզի կարողանա իրականացնել անհրաժեշտ ներդրումները անշարժ գույքը գրավիչ դարձնելու նպատակով, պետք է թողարկի արժեթղթեր ներդրումային ծրագրի չափով։ Շենքի ապագա լավագույն և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է բարձրակարգ խորհրդատվական ծառայություն, որից հետո պետք է իրականացնել նախագծման աշխատանքներ։ Հաշվի առնելով մինչև շինարարության սկիզբը պահանջվող ծառայությունների շուկայական գները անհրաժեշտ կլինի թողարկել արժեթղթեր (միգուցե պարտատոմս), որպեսզի ընկերությունը պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չառաջացնի։
Սույն նախագծով նախատեսվում է նաև շենքում վարձակալ համարվող ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և ՀՀ կադաստրի կոմիտեից հետ վերցնել համապատասխան տարածքները և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ Կոմիտեի հետ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ կնքած պայմանագրերը լուծել»։