«Գութան» փառատոնը կկայանա օգոստոսի 26-ին
Մշակույթ
15:17 25/08/2023
Հայաստան

«Գութան» փառատոնը կկայանա օգոստոսի 26-ին

Օգոստոսի 26-ին Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն  իրականանում է «Մրրո» հայ ազգային  արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:        

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել  սերնդեսերունդ:   

Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ.
• Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև է ժամանակակից մշակումների:
•Օգտագործել բացառապես ազգային նվագարաններ  (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ ...), որպեսզի մեր կարևոր ներդրումն ունենանք հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում:

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում:

Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝  Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Տավուշում՝ Բերդի հրապարակում: Փառատոնի բացօթյա լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը:  Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:

 Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն  խմբերը, թվով 400 և ավելի մասնակից-արտիստ: Այս տարի փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան»,  «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/ , «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ»,  «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Մենք ենք մեր սարերը» խմբերը:
ը:
 

Placeholder