Սպառնալիք է Հայաստանի բնակչության ռեկորդային ցածր մակարդակը՝ 2.8 մլն-ը.Թաթուլ Մանասերյան
Տնտեսություն
11:00 07/09/2023
Հայաստան

Սպառնալիք է Հայաստանի բնակչության ռեկորդային ցածր մակարդակը՝ 2.8 մլն-ը.Թաթուլ Մանասերյան

Հայաստանի տնտեսական ակտիվությունը մայիսին գրանցած 13.6% աճից հունիսին նվազեց մինչև 6%-ի, սակայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, որ 7 ամիսների միջին տնտեսական ակտիվության աճը եղել է երկնիշ՝ 10.4%: Նման կտրուկ անկման պատճառների տնտեսական հիմքերը պարզելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին:

Panorama.am- Ինչո՞վ կբացատրեք տնտեսական ակտիվության նման կտրուկ անկումը, ինչքանո՞վ է այն պայմանավորված դեպի ՌԴ ապրանքների վերաարտահանման նոր սահմանափակումների հետ:

Թ. Մանասերյան- Նախ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության իրական հատվածին, որպեսզի հասկանանք, թե տնտեսությունն իսկապե՞ս աճում է, թե ոչ: Տնտեսության իրական հատվածն առաջին հերթին արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն է և այլը: Այստեղ վեց ամիսների կտրվածքով մենք ունենք անկում և այդ անկումը բավական լուրջ է, որովհետև պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ ինչպես Ադրբեջանի պահվածքով, այնպես էլ իշխանությունների կողմից վարավող տնտեսական քաղաքականության բացակայությամբ: Այսինքը՝ պետք է մշակեն և իրականացնեն հստակ տնտեսական քաղաքականություն, որը բացակայում է: Նույնը գյուղատնտեսության ոլորտում է նկատվում:

Այդքանով հանդերձ ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանում գրանցվել է ամենաբարձր աճի տեմպեր շինարարության ոլորտում: Իրականում այն պայմանավորված է նախորդ տարի արձանագրված ռելոկանտների ներհոսքով և պահանջարկի բարձրացմամբ, դրանով պայմանավորված՝ իր հերթին անշարժ գույքի շուկայի  գերտաքացմամբ, որը ես կգնահատեի ավելի շատ ռիսկ և վտանգ, քան հաջողություն, որովհետև գերտաքացումն իր մեջ բավական լուրջ խնդիրներ է պարունակում, պետք է փորձել այն դարձնել օրինաչափություն, ավելի համահունչ մյուս ճյուղերի զարգացմանը, եթե ոչ, ապա մենք չենք կարող երկար հույս ունենալ, որ տնտեսությունն դրա հաշվին կարող է աճել:Ի վերջո ռելոկանտները պետք է վերադառնան իրենց երկիր՝ մեծմասնությամբ գոնե և անշարժ գույքի շուկայի այս գերտաքացումը կվերադառնա իր նախկին մասշտաբներին և գներին:

Panorama.am- Կառավարությունն շատ է խոսում արտահանման ծավալների աճի մասին, ո՞րն է այստեղ իրական պատկերը:

Թ.Մանասերյան- Շատ կարևոր հանգամանք է նաև վերաարտահանման խնդիրը, որը ներկայացնում են որպես գրեթե 72% արտահանման աճ: Պարզ է չէ՞, որ մենք երբեք 72%-ի աճ մեկ տարվա ընթացքում չենք ունեցել և պետք է հասկանալ, թե այն ինչի հաշվին է: Կան ոլորտներ, որտեղ ընդհանրապես հասկանալի չէ, թե այդ աճն ինչպես է տեղի ունեցել, օրինակ՝ ոսկերչությանը, ադամանդագործությանը, որոնք, իհարկե, ավանդաբար մեր հնարավորություններն են եղել, բայց արդեն համամասնություններ են խախտված: Մենք այդքան որակյալ աշխատուժ, այդքան վարպետներ չունենք, որոնք մեկ տարվա ընթացքում այդ ծավալի արտադրանք կարող են թողարկել, ուրեմն այստեղ ևս վերաարտահանման մասին է խոսքը, որի մասին վիճակագրությունը լռում է:

Panorama.am- Վիճակագրությամբ ներկայացված տնտեսական աճի նման ցուցանիշների դեպքում էլ հասարակության կնեսամակարգակի բարձրացում չի գրանցվում, ո՞րն է այստեղ տրամաբանությունը:

Թ. Մանասերյան- Իհարկե, կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ և ամենակարևոր խնդիրն այն է, որի մասին ձեր խոնարհ ծառան բարձրաձայնել էր դեռ անցած տարվա մոտ 14% տնտեսական աճի ժամանակ: Դա այն է, որ եթե ունենք երկնիշ թվով տնտեսական աճ, ապա պետք է ունենանք աղքատության կրճատում գոնե միանիշ թվով; Այդտեղ շատ բան հասկանալու համար տնտեսագետ էլ պետք չէ լինել: Դրա փոխարեն մենք ի՞նչ ունենք՝ աղքատության աճ: Աղքատության աճը, կառավարության գնահատմամբ դեռ անցած տարվա հոկտեմբերին և համաշխարհային բանկի գնահատմամբ, 42% է: Այստեղ պետք է տրմաբանված մոտեցում լինի և բացատրություն, որ չի արել կառավարությունը:

Եվ վերջին սպառնալիքը, որին մենք այսօր առնչվում ենք, Հայաստանի բնակչության ռեկորդային ցածր մակարդակն է անկախության ողջ տարիների ընթացքում` 2.8 մլն բնակչություն: 

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

Placeholder
Սպառնալիք է Հայաստանի բնակչության ռեկորդային ցածր մակարդակը՝ 2.8 մլն-ը.Թաթուլ Մանասերյան