«Ժողովուրդ». Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Սարգիս Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել
Օրվա մամուլ
08:50 12/09/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Սարգիս Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ազատումը բավականին խորը արմատներ ունի: Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ դժգոհություններ է ունեցել, և ներքին քննարկում է եղել նրան փոխարինող գտնելու վերաբերյալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել , որ Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել, որից հետո որոշել են կոնկրետ քայլերի գնալ: Մասնավորապես, Աննա Հակոբյանի անվտանգության պետ Արթուր Գասպարյանը սկսել է ակտիվանալ ՊՊԾ-ում, ու Հովհաննիսյանի շուրջ օղակը սկսել է սեղմվել: ՊՊԾ-ում մթնոլորտը թեժացել է, և Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պահը հասունացել է սեպտեմբերի 9-ին՝ «Դվին մյուզիք հոլ»-ի բակում հնչած հրավառության պայթյուններից հետո:

Ըստ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վախեցել է հրավառության պայթյունի նմանվող ձայներից, քանի որ «Դվին»-ը գտնվում է կառավարական ամառանոցի հարևանությամբ: Երբ Նիկոլ Փաշինյանն իր անմիջական անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչ ձայներ են, ով է հրավառության կազմակերպիչը, արդյոք ունի թույլտվություն, թե ոչ, Սարգիս Հովհաննիսյանը զեկուցել է, որ թույլտվություն ունեցել է ախալքալաքցի Էդգարը, որը հարսանիքի առիթով պատվիրել է թանկարժեք հրավառությունը:

Երբ ՀՀ ոստիկանապետից Նիկոլ Փաշինյանը բարկացած հետաքրքրվել է, թե ով է թույլ տվել այդ ժամին նման հրավառություն կազմակերպել, զեկուցվել է, թե թույլտվություն չեն ունեցել կազմակերպիչները, ինչի համար ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Գոլդ Ֆայեր» ՍՊԸ ընկերությանը տուգանել է 100 հազար դրամով: Ստացվում է, որ Սարգիս Հովհաննիսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին: Իրականում «Դվին» հյուրանոցի թիկնապահը զանգահարել և հրավառության համար բանավոր թույլտվություն ստացել է ՊՊԾ-ից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Սարգիս Հովհաննիսյանը գիշերով ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Գեներալ-մայորն այդ պաշտոնում նշանակվել էր մոտ չորս ամիս առաջ՝ ապրիլին։ Մինչ այդ՝ 2020 թվականի դեկտեմբերից, Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն էր:

Հավելենք, որ իրավապահ համակարգում ակտիվ քննարկվում է, որ Սարգիս Հովհաննիսյանին առանց պաշտոն չեն թողնի, քանի որ նա ահռելի ծավալի տեղեկության է տիրապետում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Սարգիս Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել