2023 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2%. Մարտին Գալստյան
Տնտեսություն
18:50 12/09/2023
Հայաստան

2023 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2%. Մարտին Գալստյան

«2023 թ. սեպտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %: 2023 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել է 0.4%»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով խորհրդի որոշումը:

Նա տեղեկացրեց, որ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են իսկ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները մնում են բարձր:

Ըստ ԿԲ խորհրդի կանխատեսումների, Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում, ինչի արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:

Գալաստյանն ասաց, որ 2023 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռևս պահպանվելով բարձր մակարդակում, բայց տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը, որոնք կրում են տնտեսությունում պահպանվող ներքին և արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները:

«Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը և գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են»,- հայտարարեց ԿԲ նախագահը և շարունակեց. «Այդուհանդերձ, ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով: ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են և դրանց որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Placeholder
2023 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2%. Մարտին Գալստյան