ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ
Կրթություն, գիտություն
12:32 13/09/2023
Հայաստան

ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:

Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 8-ի  28-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման կարգի»։

Նախարարությունից հայտնում են, որ նույն գրությունը ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։ 

Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների և դասերի, և ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձևով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաև թեմայի նպատակները և վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը:
«Հանրակրթության  պետական նոր  չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում փուլային ձևով բաշխվում են դպրոցներում:

Նշված դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով և տրամադրված ուսումնական նյութերով։

Այն առարկաների ուսուցումը, որոնք առաջին անգամ են դասավանդվում տվյալ դասարանում, անհրաժեշտ է կազմակերպել առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի հիման վրա»:

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Դրանք հասանելի են նաև էլեկտրոնային մատյանում։

Հիշեցնենք, որ նոր կարգավորումները դժգոհությունների առիթ են տվել ուսուցիչների շրջանում։ Երեկ մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում նախարարության շենքի դիմաց։

Placeholder
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումների վերաբերյալ