Գարիկ Քեռյան. Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների
Քաղաքական
11:00 15/09/2023
Հայաստան

Գարիկ Քեռյան. Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է.

«թե պատերազմ չլինի և տա աստված, որ Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից, իմ դիտարկմամբ դա հնարավոր կլինի միմիայն ռուս-իրանական որոշակի փոխհամաձայնության, ՌԴ-Իրան շահերի շրջանակի ճշտման և կապուղիների կարգավիճակի շուրջ կոնսենսիուսի արդյունքում:

Այդ համաձայնությունը, որն իհարկե կլինի չհրապարակված և չհանրայնացված կստիպի Ադրբեջանին և նրա դաշնակից Թուրքիային ընդունել խաղի կանոնները և առայժմ սպասել բանակցային գործընթացի ընթացքում իրենց համար ձեռնտու ինչ որ արդյունքների: Բայց այստեղ հնարավոր է Բրյուսել-Վաշինգտոն առանցքի ակտիվացում տարածաշրջանում ռուս-իրանական հեգեմոնիայի դեմ, որն հիմա էլ ակնհայտ է:

Այդ հեգեմոնիան խորտակելը նրանց համար շատ ավելի կարևոր է քան, թե պատերազմի կանխումը և հայերի փրկությունը:

Իհարկե ես չեմ պնդում այն միտքը, որ հավաքական Արևմուտքը միանշանակ կողմ է պատերազմի միջոցով հարցերի լուծմանը, շատ ավելի լավ կլինի, որ ռուսները իրենք իրենց կամքով հեռանան: Բայց, եթե չեն հեռանում, ինչպես ասեցին Պեսկովը և նրանից հետո էլ Պուտինը, ապա իրավիճակը փոխվում է: Ստացվել է այնպես, որ մեր շուրջը բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժվում են, կապ չունի, թե ով շատ, ով քիչ: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների»։

Placeholder
Գարիկ Քեռյան. Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների