Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է նվազեցնել գազի գինը
Տնտեսություն
12:20 15/09/2023
Աշխարհ

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է նվազեցնել գազի գինը

Թուրքիան ակնկալում է Ռուսաստանից գազի «ավելի խելամիտ գներ» ստանալ և «Գազպրոմի» հետ փոխըմբռնման հույս ունի։ Այս առաջարկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել գազի գնի առավելագույն մակարդակի շուրջ, ուստի եվրոպական խոշորագույն TTF հանգույցում գների տատանումների դեպքում թուրքական կողմը պաշտպանված է կտրուկ թանկացումներից։ Նախարարը խոստովանեց, որ նման պայմանը կարելի է զեղչ համարել։

Այդուհանդերձ, ներկայիս իրողություններում Թուրքիան կարծում է, որ համաձայնագիրը արժե վերանայել։

«Թուրքական գազի գինը բարձր է: Առաջիկա տարիներին «Գազպրոմից» ավելի խելամիտ գներ ենք ակնկալում, քանի որ այն եղել է հուսալի մատակարար, իսկ Թուրքիան՝ ռուսական գազի լավ և հուսալի սպառող։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք այս հարցի մրցունակությունը, հուսով եմ՝ կարող ենք փոխըմբռնման հասնել»,-նշել է նախարարը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան գազի ներկրման համար վճարել է 38 մլրդ դոլար, որից 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Բայրաքթարը չի հստակեցրել, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։

Placeholder