Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Փաշինյանի ուղիղ ցուցումով ոստիկանները բավական «սոլիդ» պարգևավճարներ են ստացել
«Փաստ» թերթը գրում է.
«Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով: Սակայն հետաքրքիր է, որ ինչքան շատ են բերման ենթարկվում մարդիկ, այնքան մեծանում է մասնակիցների քանակը: Ավելին, սոցցանցերում բերման ենթարկվողները տեղեկացնում են այդ մասին ոչ թե պարզապես իրազեկման «տոնայնությամբ», այլ նույնիսկ հպարտությամբ:
Ստացվում է՝ այս իշխանության կողմից բերման ենթարկվելն ինքնին պատիվ է հայրենիքի համար մտահոգ յուրաքանչյուր մարդու համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը փաստացի մնացել է իրավապահ համակարգը, և այն, որ դարձել է հայ մարդ ծեծել ու բերման ենթարկել տվող, նորություն չէ:
Իսկ թե ինչու են ոստիկաններն իրենց «հենարանային» պարտականությունը նման վայրագությամբ, չարությամբ, «աբիժնիկությամբ» կատարում, առանձին թեմա է: Թերթի նախորդ համարում, անդրադառնալով հատկապես կարմիր ու սև բերետավորների դաժան, երբեմն նույնիսկ անմարդկային պահվածքին, ի թիվս այլ պատճառների, նշել էինք, թե «հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը նրանց կրկնակի կամ եռակի պարգևավճար է խոստացել»:
Պարզվեց, որ իրականում խոսքը նույնիսկ խոստման մասին չէ, այլ հենց առարկայական պարգևավճարի: Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով ոստիկանները բավական «սոլիդ» պարգևավճարներ են ստացել: Ուշագրավ է, որ նրանք պարգևավճար չէին ստացել նույնիսկ ոստիկանության օրվա առթիվ: Իսկ ահա այս օրերին ստացել են: Հետաքրքիր «զուգադիպություն» է, այնպես չէ՞»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում