Սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները բավականին հաջող ելույթներ են ունեցել
Կրթություն, գիտություն
16:19 04/10/2023
Հայաստան

Սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները բավականին հաջող ելույթներ են ունեցել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշար, որին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել:

Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական պայքարում՝ խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության, ներկայացուցիչներ:

Հայ մարզիկները բավականին հաջող ելույթներ են ունեցել, մասնավորապես՝ ճկասուսեր մրցաձևի պատանիների պայքարում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Վրույր Հովհաննիսյանը և Նորայր Մայրանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանի խոցասուսերակիրների պայքարում Արտյոմ Խալաթյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Ճկասուսեր մրցաձևի թիմային մրցմանը Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ խոցասուսեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող երկու թիմերից մեկը հաղթել ու պարգևատրվել է ոսկե մեդալներով, իսկ երկրորդ թիմը գրավել է երրորդ հորիզոնականը:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և հավաստագրերով: Մրցաշարի ընթացքում աշխատել են նաև միջազգային կարգի մրցավարներ Իրանից, Բելառուսից և Ուզբեկստանից։

Առաջիկայում՝ հոկտեմբերի վերջին տասնօրյակում, կանցկացվի Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի պատանեկան հավաքականը՝ 2024 թվականի Եվրոպայի պատանիների և երիտասարդների՝ Հռոմում կայանալիք առաջնությանը մասնակցելու համար: Հայ պատանի մարզիկներն այս ամիս նաև միջազգային մրցաշարի կմասնակցեն ՌԴ Վլադիկավկազ քաղաքում:

Placeholder
Սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները բավականին հաջող ելույթներ են ունեցել