Գործադիրը նվազեցրեց ուսուցիչների մեկ դրույքի դասաժամերի քանակը
Կրթություն, գիտություն
14:47 05/10/2023
Հայաստան

Գործադիրը նվազեցրեց ուսուցիչների մեկ դրույքի դասաժամերի քանակը

«Անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա»,- կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը, որով առաջարկվում է վերանայել դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը:

Նա հայտնեց, որ ներկայում ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ:

Անդրեասյանի խոսքով՝ հանրակրթության նոր պետական չափորոշչով տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում, և ուսուցիչները զգալի ժամանակ պետք է հատկացնեն ձևավորվող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար և նախագծով առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասավանդման ժամերը սահմանել մեկ դրույքի համար 18 ժամ, 5-12-րդ դասարաններում՝ 20 ժամ:

«Սա կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների մեկ դրույքի վարձատրության, ըստ էության, 20 % աճին, 5-12-րդ դասարաններում՝ 10 % աճին և առաջարկում ենք գնալ փուլային տարբերակով՝ հանրային պետական չափորոշչի ներդրման գործընթացին զուգընթաց»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Անդրեասյանը նշեց, որ սեպտեմբերից նման ձևաչափով արդեն կարգավորվում են 2-րդ 5-րդ, 7-րդ դասարանների դասավանդման գործընթացները, մյուս ուսումնական տարվանից կավելանա ևս 4 դասարան, այնուհետև՝ մյուս դասարանները:

«Այս նախագծի ընդունումը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական դասավանդման ժամերը, ինչպես հիմնավորված է տեսությամբ և հետազոտություններով, չպետք է գերազանցեն 20 ժամը»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը նաև նշեց, որ առաջարկվում է արտադպրոցական հաստատություններում կիրառել շաբաթական 20 ժամ դասավանդելու սկզբունքը, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

Placeholder
Գործադիրը նվազեցրեց ուսուցիչների մեկ դրույքի դասաժամերի քանակը