ՌԴ ՊՆ պատվիրակությունը կժամանի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու ժամկետները
Քաղաքական
13:20 06/10/2023
Հայաստան

ՌԴ ՊՆ պատվիրակությունը կժամանի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու ժամկետները

ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կժամանի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները»,- ասել Է զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբ տեղակայվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա:

ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու տևողությունը որոշվել է համաձայնագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով` ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց  9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ՝  թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Արցախի ՊԲ-ն թշնամուն պատճառել է զգալի այդ թվում մարդկային կորուստներ։ Ցավոք, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվել է արցախցիների բռնի տեղահանումը։ Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։


 

Placeholder
ՌԴ ՊՆ պատվիրակությունը կժամանի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների հեռանալու ժամկետները