Դիեգո Մարտին-Էչեբարիան  ու Հայկ Մելիքյանն Արամ Խաչատրյան համերգասրահը կլցնեն իսպանական շնչով
Մշակույթ
16:37 10/10/2023
Հայաստան

Դիեգո Մարտին-Էչեբարիան ու Հայկ Մելիքյանն Արամ Խաչատրյան համերգասրահը կլցնեն իսպանական շնչով

Հոկտեմբերի12-ին մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կայանալիք համերգը նվիրվում է Իսպանիայի Ազգային օրվան։ Համերգը ղեկավարելու է իսպանացի դիրիժոր Դիեգո Մարտին- Էչեբարիան։ Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահար Հայկ Մելիքյանը։ Ծրագրում հնչելու է Գաբրիել Ֆորե, Մանուել դե Ֆայա, Խոաքին Տուրինա, Մորիս Ռավել։

Հայկ Մելիքյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» դաշնամուրի կոնցերտը։

Ասուլիսում Հայկ Մելիքյանի մենեջեր Ալեքս Հակոբյանն ասաց, որ դաշնակահարի համար միշտ սկզբունքային է եղել երբեք չդադարեցնել գործունեությունը։

«Դասական արվեստը հոգու դարման է։ Մենք պետք է շարունակենք մեր գործունեությունն ու այդ հոգևոր սնունդով ինքներս մեզ ամրապնդենք, որպեսզի կարողանանք դիմանալ»,- նշեց նա։

Հայկ Մելիքյանն ասաց, որ Հայաստանում երկու տարի առաջ է կատարել Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» դաշնամուրի կոնցերտը. «Առաջին անգամ էր, լրիվ այլ զգացումներ ունի, ամեն ինչ նոր էր ինձ համար։ Բայց հիմա այլ զգացում ունեմ, ավելի հանգիստ եմ, քանի որ հենց իսպանացի է դիրիժորը։ Սա լրիվ փոխում է սյուժեն, լիրաժեք հանգստությամբ ու վստահությամբ եմ կատարելու. կողքիս ազգությամբ իսպանացի  դիրիժոր է, վստահելու եմ իրեն»։

Հ. Մելիքյանը նշեց, որ երբ հրավիրված է լինում արտերկրում կատարելու հայ երաժշտություն, այլ զգացում է ունենում և հիմա պատկերացնում է  մաեստրոյի զգացումները, որ պետք է իր սեփական երաժշտությունը կատարի Հայաստանում. «Սա շատ ոգևորիչ է, էներգիա, ցնծություն տվող։ Ես էլ պետք է վարկվեմ այդ ցնցությունից, միասին կերտենք երաժշտությունը»։

Դիեգո Մարտին-Էչեբարիան հատուկ հոկտեմբերի 12-ի համերգը ղեկավարելու համար է Հայաստանում։  Ասուլիսին ներկա իսպանացի դիրիժորն ասաց, որ «Գիշերները Իսպանիայի այգիներում»-ը հանրահայտ գործ է, վիրտուոզ, հետաքրքիր կատարում է ակնկալում մենակատարից՝ Հայկ Մելիքյանից։

Մարտին-Էչեբարիան ասաց, որ իր կյանքում խորհրդանշական մի բան կա. որպես դիրիժոր առաջին անգամ վարձատրվել է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսից» հատված կատարելու համար։ Իսպանացի դիրիժորը նաև Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիան է մեծ հաճույքով կատարել։

Իսպանիայի Ազգային օրվան նվիրված համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ 

Placeholder
Դիեգո Մարտին-Էչեբարիան ու Հայկ Մելիքյանն Արամ Խաչատրյան համերգասրահը կլցնեն իսպանական շնչով