Իսրայելում սպանվել են խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու նրա կինը
Աշխարհում
11:34 11/10/2023
Աշխարհ

Իսրայելում սպանվել են խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու նրա կինը

Իսրայելի Օֆակիմ քաղաքի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ սպանվել է 81-ամյա խորհրդային տեսական ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլը և նրա կինը։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Խոխլովը։

«Ողբերգական լուր ստացանք Իսրայելից. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչության ժամանակ Սերգեյ Անդրեևիչ Գրեդեսկուլը և նրա կինը սպանվել են Օֆակիմ քաղաքի իրենց տանը»,- գրել է ակադեմիկոսը։

Նա նշել է, որ Գրեդեսկուլը 1991 թվականից աշխատում էր Բեեր Շևեի Բեն-Գուրիոնի անվան համալսարանում։

Ըստ Խոխլովի՝ ֆիզիկոսը «Չկանոնավորված համակարգերի տեսության ներածություն» մենագրության, ինչպես նաև ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակներից է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեցլ է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Նշենք, որ վերջին տվյալներով Էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը։

Placeholder
Իսրայելում սպանվել են խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլն ու նրա կինը