ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորներ և մարդկային մնացորդներ
Աշխարհում
16:15 11/10/2023
Աշխարհ

ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորներ և մարդկային մնացորդներ

ԱՄՆ առափնյա պահպանության մասնագետները հայտնաբերել են Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտան» բատիսկաֆի մնացած բեկորներն ու, ենթադրաբար, մարդկային մնացորդներ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ առափնյա պահպանության կազմում պատահարների հետաքննության ծովային հանձնաժողովի անվտանգության հարցերով ինժեներները հայտնաբերել և տեղափոխել են «Տիտան»-ի մնացած բեկորներն ու ապացույցները Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի հատակից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Առափնյա պահպանությունը նշել է, որ մասնագետները ապացույցներ են ուղարկել նավահանգիստ՝ «կատալոգավորման և վերլուծության համար»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բատիսկաֆի բեկորներից զգուշությամբ հանվել են ենթադրյալ մարդկային մնացորդները: Դրանք ուղարկվել են բժիշկներին՝ անալիզի համար։

Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա:

Բատիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց:

Սուզանավում են գտնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Սուզանավի բոլոր 5 ուղևորներն էլ մահացել են։
 

Placeholder
ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնաբերել է «Տիտան» բատիսկաֆի բեկորներ և մարդկային մնացորդներ