«Ժողովուրդ». Միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում. Ոչ մի արդյունք չկա
Օրվա մամուլ
09:00 13/10/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում. Ոչ մի արդյունք չկա

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել և ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիևայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Այսպիսով, Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Ժողովուրդ» օրաթերթին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին գործընթաց է գնում ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի դիմումի հիման վրա, բայց դեռ որևէ ազդեցություն չկա: «Որևէ արդյունք մինչ այժմ չունենք. ոչ միայն գերիների, այլ նաև բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավական առումով դժվար է հարցի կարգավորումը: Ամեն դեպքում, տարբեր ուղղություններով փորձ արվում է»,- ասաց նա:

Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործընթացն իրականացնում է ադրբեջանցի փաստաբան Աֆատ Գազիևան, հայազգի կամ միջազգային փաստաբաններ ներգրավված չեն: «Ադրբեջանի, ինչպես նաև մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել կնոջ հետ: Այն մասին, թե զրույցում ինչ է պատմել Վարդանյանը, Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ կարճատև հեռախոսազրույց է եղել, Վարդանյանը տեղեկացրել է, որ առողջությունը բավարար վիճակում է. այլ մանրամասներ հայտնի չեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում. Ոչ մի արդյունք չկա