«Փաստ». Իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել
Օրվա մամուլ
09:03 21/10/2023
Հայաստան

«Փաստ». Իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, նախօրեին դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել: Բանն այն է, որ այս գործից հրաժարվել են բազմաթիվ քննիչներ ու դատախազներ՝ վստահ, որ այն ամբողջությամբ «ջուր» է, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելը բացարձակապես հիմնավորված չէ: Այդուամենայնիվ, իշխանություններին հաջողվել է գտնել մի քանիսին, որոնք համաձայնել են հասնել իշխանահաճո ընթացքի:

Մասնավորաբար, խոսքը քննիչներ Արման Գրիգորյանի և Հակոբ Շահբանդարյանի մասին է, որոնցից վերջինն, օրինակ՝ արդեն հայտնի է հանրությանը՝ որպես զոհվածի ծնողին առանց որևէ դժվարության կալանքի միջնորդություն ներկայացրած անձ (Աշոտ Փաշինյանի գործով), այն դեպքում, երբ բազմաթիվ քննիչներ ուղղակի հրաժարվել են այդ գործին նույնիսկ մոտենալ: Դատախազը հանրությանն ու անգամ համակարգում անհայտ անձնավորություն է՝ Արթուր Դանիել յան, որին վերջին շրջանում առավել շատ են «ուղարկում» այն գործերով, որոնց ուրիշ դատախազները չեն ցանկանում առնչվել:

Ինչ վերաբերում է դատավորին, ապա խոսքը Մասիս Մելքոնյանի մասին է, որը ոչ վաղ անցյալում եղել է Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ: Նա նիստի ժամանակ «համբերատար» լսել է բոլոր հիմնավորումները, որ Լևոն Քոչարյանը չէր կարող հարվածած լինել, այդ ամենն ընդունել է, ի հակառակ դատախազի ու քննիչի, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել, բայց վերջում որոշել է կալանքը երկարաձգել:

Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս ոլորտում է հաջողում փոքրամասնության միջոցով իր քաղաքական նպատակներին հասնել: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև ոստիկանությանը, որտեղ ևս մեծ մասը հակված չէ դառնալ մեկ անձի քաղաքական շահերի կամակատար, ուստի Փաշինյանը հույսը դրել է փոքրաթիվ բերետավորների վրա, այդ թվում՝ պարգևավճարների միջոցով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Փաստ». Իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել