Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք. Տիգրան Ավինյան
Տնտեսություն
11:59 23/10/2023
Հայաստան

Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք. Տիգրան Ավինյան

«Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը՝ զեկուցելով մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովզդներն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ դրանք ապամոնատաժելու աշխատանքների մասին հանձնարարականը:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ այդ գովազդների 80 %-ն ապամոնտաժվել է տնտեսվարողների կողմից՝ քաղաքապետարանի հորդորից հետո:

«Բոլոր տնտեսվարողներին առաջարկվել է նաև աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո մեր նոր ձևաչափի առկա սահմանված չափորոշիչների շրջանակներում մենք խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով կարելի  նորը տեղադրել»,-ասաց Գրիգորյանը և տնտեսվարողներին հորդորեց հիմնականում իրենք իրենց ուժերով այն անեն:

Փոխքաղաքապետը հայտնեց, որ խնդիրը պատժելը չէ, այլ քաղաքի արտաքին տեսքն է՝ վստահեցնելով, որ համագործակցող բոլոր տնտեսվարողներին  կաջակցեն:

«Կարևոր է, որ այս գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլև հին գովազդներն ունեցողներին»,-արձագանքեց Տիգրան Ավինյանը և հավելեց, որ Դիսբալանս կարող է լինի, քանի որ նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողներն նույնպես ունեն հին տեսքի գովազդներ, բայց դրանք պետք է փոխվեն մինչև հունվարի  մեկը:

Նա քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներին հորդորեց այդ բոլոր տնտեսվարողներին տեղեկացնել գործընթացի մասին, որպեսզի տեղավորվեն ժամկետների մեջ:

«Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք, կամավոր և ընկերաբար այս գործընթացը տեղի ունենա, որովհետև քաղաքը, իրապես, այս գովազդային աղբից պետք է ազատվի»,-հայտարարեց Ավինյանը և հույս հայտնեց, որ տարեվերջում մեկնարկած բարեփոխումների փուլը պետք է ամփոփեն:

Նրա խոսքով՝ չափանիշները խախտող նոր գովազդների տեղադրումն արգելված է ներկայում, բայց հները պետք է ամբողջությամբ փոխվեն:

«Տնտեսվարողները պետք է իմանան, որ հունվարի մեկից ամբողջ ուժով ուժի մեջ են մտնում գովազդային նոր չափանիշները, հետևաբար՝ մեզանից նեղացող չլինի»,-կրկնեց Երևանի քաղաքապետը:

Placeholder
Որպեսզի մենք հետո բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք. Տիգրան Ավինյան