Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մերձավոր Արևելքում հակամարտությունները կանխատեսելի չեն ոչ մի դեպքում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով իսրայելապաղեստինյան հակամարտության հնարավոր զարգացումներին ու ելքին։
Նրա խոսքով, ամեն վայրկյան տարբեր գործոններից կախված՝ զարգացումներ կարող են լինել։
«Դեռ չի նկատվում գործընթացի հանդարտեցում, փորձեր կան կոնֆլիկտի սառեցման, բայց տեսնում են, որ այն իր ակտիվ փուլում է գտնվում»,-ասաց փորձագետը։
Տեսականորեն նա չի բացառում հակամարտության ընդլայնումը, սակայն գործնականում տեսնում ենք միջազգային դերակատարների կողմից շատ քայլեր, որոնք փորձում են զսպել դրա տարածումը։
«Սակայն հակամարտության ընդլայնվելու վտանգը միշտ կա»,-ասաց նա։
Անդրադառնալով հակամարտության վերաբերյալ արաբական աշխարհի արձագանքին՝ Հայկ Քոչարյանն ընդհանրացրեց. «Պետությունների մի մասը պետական մակարդակով զուսպ են, մի մասը՝ պրոպաղեստինյան, իսկ արաբական փողոցը պաղեստինյան տրամադրություն ունի։ Այն երկրները, որոնք խնդիրներ ունեն իսլամիստերի հետ, նրանք ավելի չոր են արձագանքում, մեղադրում են «Համաս»-ին, մյուսները փորձում են պրոպաղեստինյան դիրքորոշում արտահայտել»։
Նշենք՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքից, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսեն կռվել Իրանի դեմ։
BBC-ի հրապարակած տվյալների համաձայն, Իսրայելից առևանգված և Գազայում Համասի կողմից պահվող պատանդների թիվը հասել է 229-ի։
Ավելի քան 1400 մարդ է զոհվել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումների ժամանակ։
Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարության տվյալներով, 7000 մարդ է սպանվել, որոնց 40%-ը երեխաներ են։ ԱՀԿ-ն կարծում է, որ թվերը հավաստի են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Գազայում տուժել է 18.482 մարդ, որոնց զգալի մասը կրկին երեխաներ են։ Գործակալությունը հայտնել է, որ 35 հիվանդանոցներից 23-ը մասամբ են գործում, մյուսները, ինչպես նաև համայնքային կլինիկաները ստիպված են եղել փակվել: Գազայում 1000 մարդ դիալիզի կարիք ունի, 30 վաղաժամ ծնված երեխաներ գտնվում են ինկուբատորներում, իսկ 2000 քաղցկեղով հիվանդ շտապ բուժման կարիք ունեն։