Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բռնագաղթածներին օժանդակությունների ծրագրերը կնպաստեն պահանջարկի ավելացմանը. Մարտին Գալստյան
«Ծառայությունների մեջ աճն ավելի մեծ է, քան ակնկալում էինք։ Որոշակի անկում կա գյուղատնտեսության ոլորտում, բայց ակնկալում ենք, որ ՀՆԱ-ն բավականին բարձր կլինի»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով բռնագաղթածների խնդրին՝ Գալստայանն ասաց, որ արցախյան վերջին զարգացումների արդյունքում կառավարությա օժանդակությունների ծրագրերը Հայաստանում կնպաստեն պահանջարկի ավելացմանը և պետք է քայլեր ձեռնարկել արցախցիներին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում ինտեգրելու ուղղությամբ։
Ներկայացնելով ԿԲ խորհրդի որոշումը՝ Գալստյանն ասաց. «2023 թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և սեպտեմբերի վերջին կազմել է -0.1%»:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել են:
Տեղեկացնելով, որ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում՝ ԿԲ նախագահը կանխատեսեց, որ վերջիններիս կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն, ինչի արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն:
«Վերջին ամիսներին ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը»,- հայտնեց Գալստյանը և նշեց, որ դրան զուգահեռ տնտեսությունում շարունակում է ընդլայնվել ներքին պահանջարկը, իսկ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ:
Ներկայացնելով ԿԲ խորհրդի որոշումը՝ Մարտին Գալստյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը:
«Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- հայտնեց Գալստյանը։