Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը
Իրավունք
16:02 07/11/2023
Հայաստան

Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը

Բաքվի դատարանը հրապարակեց Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը։ Արցախցի տղամարդը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, 5-ը՝ ուղղիչ գաղութում։

Վագիֆ Խաչատրյանն այսօր վերջին խոսքով դիմել էր դատարանին.

«Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Այդ մարդիկ չեն կարող ասել, որ ինձ տեսել են։ Բայց ես այնտեղ չեմ եղել։ Ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, չեմ մասնակցել այդ կռիվներին։ Կան սարքավորումներ, որոնք որոշում են, թե մարդը ճիշտ է ասում, թե՞ սուտ։ Ես ուզում եմ այդ սարքավորումով ցուցմունք տալ, ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։
 

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։

Placeholder
Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը