Եթե ՀՆԱ-ն չավելացնենք՝ պոտենցիալ պահանջարկը կոնվերտացիա է լինելու գնաճի.Մարտին Գալստյան
Տնտեսություն
15:35 08/11/2023
Հայաստան

Եթե ՀՆԱ-ն չավելացնենք՝ պոտենցիալ պահանջարկը կոնվերտացիա է լինելու գնաճի.Մարտին Գալստյան

«Մենք ունենք պոտենցիալ ՀՆԱ-ից այս պահին դրական շեղում, այսինքը՝ ունենք դրական ՀՆԱ-ի ճեղք»,-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ 2024 թվականին իրողությունն այնպիսին է լինելու, որ ֆիսկալ կողմից լինելու է հավելյալ պահանջարկ:

«Այստեղ պետք է աչալուրջ լինենք, որ հավելյալ դրական ազդակը չխաթարի մակրոտնտեսական կայունությունը, այսինքը՝ԿԲ-ի կողմից հիմնական գործառույթը լինելու է պահանջարկի կողմից այդ եկող հավելյալ ազդակներին որոշակի հակազդումը»,-հայտարարեց Գալստյանը:

Նա ասաց, որ առկա առաջարկի տեսանկյունից տարին չափազանց կարևոր է կապիտալ ծախսերը ժամանակին և որակով կատարելու համար:

«Եթե մենք պոտենցիալ ՀՆԱ-ն չավելացնենք, այլ միայն ավելացնենք պոտենցիալ պահանջարկը, ապա այդ ամբողջը ոչ թե ստեղծելու է պոտենցիալ՝ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ կոնվերտացիա է լինելու գնաճի»,-ասաց ԿԲ նախագահը և այդ առումով կարևորեց կառավարության 2024 թվականին նախանշած կապիտալ ծախսերի ծրագրերն ամբողջությամբ իրականացնելը:

Նրա խոսքով՝ առաջարկի մյուս դրական կողմը Արցախի մեր հայրենակիցների ինտեգրում է:

«Եթե կարողանանք մեր հայրենակիցների մարդկային ռեսուրսը ճիշտ օգտագործել՝ համադրելով կապիտալի հետ, ապա հնարավորություն կունենանք որակյալ տնտեսական աճ ունենալ»,-հայտարարեց Մարտին Գալստյանը:

Placeholder
Եթե ՀՆԱ-ն չավելացնենք՝ պոտենցիալ պահանջարկը կոնվերտացիա է լինելու գնաճի.Մարտին Գալստյան