Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սենատի դեմոկրատներն արգելափակել են Իսրայելին օգնություն հատկացնող, սակայն Ուկրաինային անտեսող օրինագծի ընդունումը
Սենատի դեմոկրատները արգելափակել են հանրապետականների ջանքերը՝ Կոնգրեսի զույգ պալատների հավանությանն արժանացնել Իսրայելին անհապաղ օգնություն տրամադրող օրինագիծը:
Նախագիծն անցած շաբաթ ստացել էր Ներկայացուցիչների տան հավանությունը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են։ Այդ նախագծում, սակայն, որևէ օգնություն նախատեսված չէ Ուկրաինային, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հանրապետական սենատոր Ռոջեր Մարշալն մտահոգված է. «Ժամանակն էական նշանակություն ունի, և շատ կարևոր է, որ Սենատը գեթ մեկ օր չհետաձգի այս կարևոր օգնության տրամադրումը Իսրայելին»:
Դեմոկրատներն արձագանքում են՝ կարևոր է Իսրայելին, բայց նաև Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, շարունակել մարդասիրական օգնությունը աշխարհի տարբեր հատվածներում, ամրապնդել երկրի սահմանային անվտանգությունը, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակազդել Չինաստանին:
Այս ամենը ներառված է 106 միլիարդ դոլար արժողությամբ նախագծում, որը նախագահ Բայդենն անցած ամիս ուղարկել էր Կոնգրես՝ հաստատման:
Դեմոկրատները քննադատել են հանրապետականներին, թե վերջիններս շահարկում են մերձավորարևելյան ճգնաժամը՝ Իսրայելին տրամադրվող աջակցությունը պայմանավորելով ԱՄՆ հարկային ծառայության ֆինանսավորման կրճատմամբ:
Հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների տան հաստատված օրինագիծը նախատեսում է Իսրայելին տրամադրել 14,3 միլիարդ դոլար աջակցություն՝ նույնչափ կրճատելով հարկային ծառայության բյուջեն։
Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականները գլխավորապես կողմ են քվեարկել փաստաթղթին, դեմոկրատները՝ դեմ։
Սպիտակ տունն արձագանքել է, թե նախագահ Բայդենը պատրաստվում է վետո կիրառել այդ օրինագծի նկատմամբ:
Սենատում հույս ունեն իրենց օրինագիծը ներկայացնել արդեն այս շաբաթ: