Արշիլ Գորկու գլուխգործոցը Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Մշակույթ
15:04 10/11/2023
Աշխարհ

Արշիլ Գորկու գլուխգործոցը Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Նոյեմբերի 9-ին Նյու Յորքում Christie's-ի աճուրդում  ամերիկահայ հանրահայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ) կտավը ռեկորդ է սահմանել։ Նկարը նախնական գնահատվել էր ավելի քան 20 միլիոն դոլար, այն վաճառվել է 23,4 միլիոն դոլարով:

Կտավը ճանաչված կոլեկցիոներ Դեյվիդ Գեֆֆենի հավաքածուից էր։

Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1953 թվականին Նյու Յորքի Սիդնի Ջանիս պատկերասրահում, այնուհետև հայտնվել է Ժամանակակից արվեստի և Գուգենհայմի թանգարաններում։

1946 թվականի հունվարին Գորկու արվեստանոցում բռնկվում է հրդեհ,  այրվում են նկարչի 20 կտավները, գրքերը: Ժամանակ չկորցնելով՝ նա նոր ստուդիա է վարձակալում և սկսում աշխատել։ Իսկ նոր ստեղծած աշխատանքներն էլ խորհրդանշում էին վերածնունդ, որոնցով էլ նկարիչն իր ուրույն տեղը հաստատեց 20-րդ դարի արվեստում:  Ստեղծած նկարների թվում էին երեք կտավներ՝ «Ածխացած սիրահարները» վերնագրով։

Christie's-ի կայքում Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I»  աշխատանքն աճուրդում ներկայացնելու մասին նյութը վերնագրված է՝ «Ամենահիասքանչ փյունիկ». ինչպես Արշիլ Գորկին վեր հառնեց մոխիրներից՝ գլուխգործոց ստեղծելու համար»։
 

Placeholder
Արշիլ Գորկու գլուխգործոցը Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով