Թադևոս Ավետիսյան. Հաջորդ տարվա համար պետական պարտքի 20 տոկոս աճ է նախատեսվում
Քաղաքական
10:00 11/11/2023
Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Հաջորդ տարվա համար պետական պարտքի 20 տոկոս աճ է նախատեսվում

«Պետական պարտքի ավելացման մասին կառավարության կանխատեսումները հիմնված են այն կանխավարկածի վրա, ըստ որի հաջորդ տարի ևս պետք է ապահովվի 7 տոկոս տնտեսական աճ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով  վարվող քաղաքականությունը։

2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին պետական պարտքը կավելանա 265 մլրդ դրամով և կկազմի 4տրիլիոն 660 մլրդ դրամ։ Այսօր ՀՀ պետական պարտքը  4 տրիլիոն 395 միլիարդ է։

«Երբ ընտանիքը սկսում է բարեկեցիկ ապրել, ավելանում է նաև այդ ընտանիքի պարտքի բեռը»,-այսպես էր հիմնավորել Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության 2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին պետական պարտքը կավելանա 265 մլրդ դրամով և կկազմի 4 տրիլիոն 660 մլրդ դրամ։ Այսօր ՀՀ պետական պարտքը  4 տրիլիոն 395 միլիարդ է։ Իսկ արդեն հաջորդ տարվա վերջին, ըստ կառավարության կանխատեսումների, պարտքը կկազմի 5տրիլիոն 318 մլրդ դրամ։
Թադևոս Ավետիսյանի  խոսքով, մտահոգիչ է, որ 7 տոկոս տնտեսական աճի ապահովման հիմնական շարժառիթը գնալով թուլանում է: Խոսքն  արտաքին, ժամանակավոր գործոնի մասին է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ինչի արդյունքում Հայաստանի ընդհանուր ներքին պահանջարկը, Ռուսաստանից դրամական փոխանցումներն աճեցին և դա 2022թ. բերեց 12.6 տոկոս տնտեսական աճի:

«Ցավոք, այդ տնտեսական աճն ու դրամական հոսքերը հետագա կայուն զարգացման տեսանկյունից չկապիտալիզացվեցին և , ըստ էության, չավելացրին մեր երկրի ներդրումային ներուժը: 2023թ. արտաքին գործոնի թուլացմանը զուգահեռ տնտեսական աճի տեմպը նվազել է, իսկ կառավարությունը առաջանցիկ տեմպերով ավելացնում է պետական պարտքը՝ այդ թվում արտաքին: Փաստացի, պետական պարտքի 20 տոկոսի աճ է նախատեսվում հաջորդ տարվա համար, ինչը էապես մտահոգիչ է»,- ասաց տնտեսագետը:

Օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչը նշեց՝ այս իշխանությունների «բախտը բերել է»  նաև այն հարցում, որ տնտեսական աճի ապահովման արտաքին գործոնը հանգեցրեց ազգային արժույթի արժևորման և նկատի ունենալով, որ պետական պարտքի 60 տոկոսից ավելը արտահայտված է արտարժույթով, ապա ունեցանք պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության որոշակի լավացում:

Արտաքին գործոնի թուլացման և ազգային արժույթի հետագա արժեզրկման հետևանքները, որոնք արդեն գործող իշխանությունը կանխատեսել է, բերելու են պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության վատացում: Դա նշանակում է, որ կունենանք 2021թ-ի վիճակը, երբ հատել էինք պետական պարտք-ՀՆԱ 60 տոկոս հարաբերակցության միջազգային չափանիշը և պետական պարտքի տեսանկյունից գտնվում էինք բարձր ռիսկայնության գոտում:

«Օրվա իշխանությունները սա իհարկե կանխատեսում են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև դա կնշակի ընդունել, որ տնտեսական աճը և պետական պարտքի որոշակի բարելավումը իրենց վարած տնտեսական քաղաքականության հետ որևէ աղերս չունեն»,-ասաց նա։

 

Placeholder
Թադևոս Ավետիսյան. Հաջորդ տարվա համար պետական պարտքի 20 տոկոս աճ է նախատեսվում