Համացանցում հայտնվել են Էթնա հրաբխի ժայթքման կադրեր
Աշխարհում
17:50 13/11/2023
Աշխարհ

Համացանցում հայտնվել են Էթնա հրաբխի ժայթքման կադրեր

Իտալական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայտնվել են կադրեր Էթնայի հրաբխի ժայթքումից։

Էթնայի տարածքում սեյսմիկ ակտիվության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 12-ին, ժամանակի ընթացքում ցնցումներն ու հրաբխային դողն ավելացել են։ 

Իսկ այսօր արդեն Սիցիլիայում սկսել է ժայթքել Եվրոպայի ամենաբարձր (ավելի քան 3 հազար մետր) գործող հրաբուխը՝ Էթնան։ Այս մասին գրում է Snob.ru-ն՝  հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։

Փորձագետների տվյալներով, ժայթքումը նկատվում է հրաբխի հարավարևելյան խառնարանում։ Գազերը, մոխիրը և ժայռերի բեկորները ծովի մակարդակից բարձրացել են մինչև 4.5 հազար մետր: Հրաբխային արտանետումներ են հայտնաբերվել լեռան ամենամոտ քաղաքներում, ինչպես նաև Կատանիա-Մեսինա մայրուղու վրա: Առայժմ ժայթքումը չի ազդել տեղի օդանավակայանի աշխատանքի վրա:

 Փորձագետները շարունակում են հետևել երևույթին։ Գիտնականները նշում են, որ հրաբխի ակտիվությունը վտանգավոր չէ բնակչության համար։

2013 թվականին Էթնան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականին հերթական ժայթքման ժամանակ տուժել է 10 մարդ։ Էթնան ժայթքում է մոտավորապես երեք ամիսը մեկ անգամ։

Չնայած հրաբխային ակտիվությանը, Էթնայի լանջերը խիտ բնակեցված են. գետնի մեջ նստած մոխրի պատճառով հրաբխի մոտ հողը բերրի է: Այստեղ տնկվում են խաղողի այգիներ, աճեցվում է  ձիթապտուղ։

Placeholder
Համացանցում հայտնվել են Էթնա հրաբխի ժայթքման կադրեր